Զելենսկին կողմ է բժշկական նպատակներով մարիխուանայի օրինականացմանը
Ուկրաինայի նախագահի թեկնածու, շոումեն Վլադիմիր Զելենսկին РБК-Украина-ին տված հարցազրույցում մանրամասնել է, որ կողմ է կաթիլների տեսքով բժշկական նպատակներով մարիխուանայի օրինականացմանը:
Թեկնածուի խոսքով՝ ինքն այս հարցով խորհրդակցել է հայտնի բժիշկ Եվգենի Կոմարովսկիի հետ:
«Կարծում եմ՝ բժշկական մարիխուանան նորմալ է, այն վաճառվում է կաթիլների տեսքով: Ի դեպ, ես այս հարցով խորհրդակցել եմ Եվգենի Օլեգովիչ Կոմարովսկիի հետ»,-ասել է Զելենսկին:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք նա կողմ է օրինականացմանը, Զելենսկին պատասխանել է. «Ես կողմ եմ կաթիլների տեսքով բժշկական մարիխուանայի օրինականացմանը»:
Աղբյուրը հիշեցնում է, որ Գերագույն ռադայի կայքում մարիխուանայի՝ բժշկական և գիտական նպատակներով կիրառման օրինականացման վերաբերյալ խնդրագիրը հավաքել է 25 000 ստորագրություն:
Խնդրագրի հեղինակները պահանջում են օրենսդրական կարգավորումների միջոցով հիվանդներին թույլ տալ մարիխուանա պարունակող դեղամիջոցներ օգտագործել քրոնիկ ցավերի, էպիլեպսիայի, անորեքսիայի և այլ հիվանդությունների բուժման հարցում:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է ապրիլի 21-ին: Երկրի ղեկավարի պաշտոնին են հավակնում առաջին փուլի առաջատար Վլադիմիր Զելենսկին և գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն:










