New Yorker ամսագրի նոր համարը կթողարկվի վերածնվող Աստվածամոր տաճարին նվիրված շապիկով  

18:42 • 18.04.19

Ամերիկյան The New Yorker ամսագրի նոր համարի շապիկին հայտնվելու է Փարիզի Աստվածամոր տաճարի լուսանկարը:

«Մեր Աստվածամայր» անվանումն ստացած շապիկին պատկերված է վերածնվող տաճարը, որը վեր է հառնում սրտից, որից վառ լույս է առկայծում: Լուսանկարի հեղինակը Բոբ Ստաակեն է:

Ինչպես նշում է ամսագրի խմբագրակազմը, նոր համարի շապիկը կոչված է ցույց տալու, որ նույնիսկ նման հրդեհից հետո, որը պատել էր «անգին ֆրանսիական հուշարձանը» և «աշխարհի ամենասիրված տաճարը», դրա սիրտն անձեռնմխելի է մնացել:  

«Եթե պատմությունը մեզ ինչ-որ բան սովորեցնում է, ապա դա այն է, որ կրակից հետո կարող է վերածնունդ լինել», - ասել է շապիկի հեղինակը:

Ամսագրի նոր համարը լույս կտեսնի ապրիլի 29-ին: Փարիզի Աստվածամոր տաճարն ամերիկյան ամսագրի շապիկին հայտնվում է արդեն 4-րդ անգամ: Նախկինում դա տեղի է ունեցել 1954, 1958 և 1966 թվականներին: