Միհրան Պողոսյանին պատկանող տարածքներում խուզարկություն իրականացրել է ՀՔԾ-ն, ԱԱԾ-ն ապահովել է դրանց բնականոն ընթացքը. ԱԱԾ

14:47 • 18.04.19

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատանն ու նախկին գրասենյակում խուզարկություն իրականացվում է Հատուկ քննչական ծառայության կողմից, Ազգային անվտանգության ծառայողներն ապահովել են խուզարկությունների բնականոն ընթացքը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը:

«Միհրան Պողոսյանին առնչվող քրեական գործի շրջանակներում խուզարկություն է իրականացվել Հատուկ քննչական ծառայության կողմից՝ նրանց վարույթում քննվող գործի շրջանակներում: ԱԱԾ աշխատակիցներն ապահովում են խուզարկությունների բնականոն ընթացքը»,- ասաց Սամսոն Գալստյանը:

Նշենք, որ այսօր՝ ավելի վաղ, Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որ ԱԱԾ-ն է խուզարկություն իրականացնում Միհրան Պողոսյանի առանձնատանն ու նախկին գրասենյակում:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել: