Ինձ որևէ պաշտոն չի առաջարկվել․ Տիգրան Ուլիխանյանը՝ Դավիթ Սանասարյանին փոխարինելու մասին (տեսանյութ)

14:34 • 18.04.19

Ինձ որևէ պաշտոն չի առաջարկվել, ես դրա մասին այսօր կարդացել եմ լրատվամիջոցներից։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն՝ անդրադառնալով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին փոխարինելու մասին լուրերին։ Նա այս պահին չցանկացավ նաև ասել, թե նման առաջարկ ստանալու դեպքում ինչ պատասխան կտա։

«Այս պահին դրա վերաբերյալ չեմ ուզում խոսել, որովհետև անառարկայական թեմաների հետ կապված չեմ ցանկանում մեկնաբանել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Դավիթ Սանասարյանի հետ կապված տեղեկություններին, պատգամավորը նշեց, որ տեղյակ է այնքանով, որքանով մամուլն է գրել։

«Առայժմ չեմ էլ պատրաստվում մանրամասների մեջ մտնել, քանի որ գործը քննվում է»,- ասաց նա։

Խոսելով Սանասարյանին ներկայացված մեղադրանքի մասին, Ուլիխանյանն ընդգծեց, որ երբ որևէ մեկը ներգրավվում է որպես կասկածյալ, նրան պետք չէ հանիրավի մեղադրյալ սարքել։

«Կարծում եմ՝ մենք պետք է սովորություն դարձենք, որ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ կարող են լինել կասկածյալ, բայց ապագայում կարող է պարզվել, որ նրանք անմեղ են ու կարող են գնալ աշխատանքի»,-եզրափակեց Տիգրան Ուլիխանյանը։

 

ՀեղինակԱնի Օհանյան