Լոնդոնում հայտնվել է տրանսպորտային միջոցների գերցածր արտանետումներով առաջին գոտին աշխարհում
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի քաղաքապետարանը տրանսպորտի համար էկոլոգիական խիստ չափանիշներ է սահմանել և փակել այն ավտոմեքենաների և բեռնատարների մուտքը քաղաքի կենտրոն, որոնք չեն համապատասխանում այդ չափանիշներին, գրում է unenvironment.org կայքը:
Գերցածր արտանետումներով տարածքներում հայտնված և պահանջներին չհամապատասխանող մարդատար մեքենաների տերերը ստիպված կլինեն օրական 15, բեռնատարների տերերը՝ 116 եվրո վճարել, ընդ որում՝ գումարը չվճարողներին 185-1160 եվրոյի չափով տուգանք է սպառնում՝ կախված մեքենայի տեսակից:
Ի տարբերություն աշխարհի շատ քաղաքներում գոյություն ունեցող ցածր վնասակար արտանետումների գոտիների՝ Լոնդոնում «աղտոտող» մեքենաների արգելքն այժմ կգործի մշտապես և կվերաբերի բոլորին՝ անգամ տեղի բնակիչներին:
Սա Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում օդի աղտոտվածության դեմ պայքարի առումով քաղաքապետարանի առաջին լայնածավալ միջոցառումն է: Հետագա միջոցառումները նախատեսում են անցում էկոլոգիապես ավելի մաքուր հասարակական տրանսպորտի և ցածր արտանետումներով գոտիների ընդլայնում:










