Թրամփի հետ ձախողված հանդիպումից հետո Կիմ Չեն Ընն առաջին անգամ հետևել է նոր տակտիկական զինատեսակի փորձարկմանը

12:18 • 18.04.19

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը փետրվարի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ձախողումից ի վեր առաջին անգամ հետևել է տակտիկական նոր զինատեսակի փորձարկմանը, հայտնում է The Guardian-ը:

Պարբերականը նկատում է, որ թեև փորձարկված զենքի մանրամասն բնութագիրը ներկայացված չէ, ու հայտնի չէ, թե խոսքն ինչի մասին է՝ հրթիռի, թե այլ զինատեսակի, սակայն «տակտիկական» բնորոշումը սովորաբար վերաբերում է գործողության կարճ շառավղով զենքերին:

Հյուսիսկորեական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ նոր զինատեսակի ստեղծումը շատ նշանակալի դերակատարում ունի հյուսիսկորեական բանակի մարտական ուժի բարձրացման հարցում:

Սպիտակ տունը, Պենտագոնն ու Պետքարտուղարությունը դեռևս չեն մեկնաբանել տեղեկությունը:

Հայտնի է, որ նախորդ տարի Կիմ Չեն Ընն ասել էր, որ Փհենյանը կդադարեցնի միջուկային փորձարկումներն ու միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արձակումը:

«Կիմը փորձում է Թրամփի վարչակազմին հասկացնել, որ երկրի ռազմական ներուժն օրեցօր աճում է: Կիմի ռեժիմին անհանգստացնում է այն հանգամանքը, որ վերջին բանակցություններում Վաշինգտոնն այդքան էլ ճկուն չէր»,-նշել է վերլուծաբան Հարի Կազիանիսը:

Հյուսիսային Կորեայի գծով փորձագետ Կո Յու-հվանը ևս կարծում է, որ տակտիկական զենքի փորձարկումն ԱՄՆ-ին ուղղված «մեսիջ» էր, որով Փհենյանը ցույց է տալիս ձախողված բանակցությունների վերաբերյալ իր դժգոհությունը:

«Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դա ո՛չ գործողության երկար շառավղով հրթիռի արձակում էր, ո՛չ էլ միջուկային փորձարկում, Փհենյանն ակնարկում է, որ ցանկանում է շարունակել Վաշինգտոնի հետ միջուկային բանակցությունները»,-հավելել է փորձագետը:

Հիշեցնենք, որ Կիմ Չեն Ընի և Թրամփի առաջին պատմական հանդիպումը կայացել էր 2018թ. ամռանը: Այն ժամանակ կողմերը հայտարարել էին, որ իրենց հաջողվել է առաջընթաց արձանագրել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցում: Փհենյանը համաձայնել էր ժամանակավորապես ընդհատել միջուկային փորձարկումները, ինչին ի պատասխան ԱՄՆ-ն չեղարկել էր տարածաշրջանում Հարավային Կորեայի հետ «ագրեսիվ» զորավարժությունները: Այնուհետև տեղի էր ունեցել բանակցությունների երկրորդ փուլը, սակայն այս անգամ Թրամփին և Կիմ Չեն Ընին չէր հաջողվել էական առաջընթաց ապահովել: