Լոնդոնում 500 բնապահպան ակտիվիստ է բերման ենթարկվել (լուսանկար)

16:21 • 19.04.19

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում այս շաբաթ Extinction Rebellion բողոքի շարժման արդեն ավելի քան 500 մասնակից է բերման ենթարկվել: Այս մասին տեղեկանում ենք քաղաքի ոստիկանության թվիթերյան էջից:

«Ոստիկանության աշխատակիցներն Extinction Rebellion բողոքի շարժման արդեն ավելի քան 500 մասնակցի են բերման ենթարկել: Հետաքննությունը շարունակվում է, նրանցից 10-ին արդեն մեղադրանք է առաջադրվել»,- ասվում է գրառման մեջ:

Ոստիկանության աշխատակիցները համագործակցում են հանրության և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի ցուցարարների կողմից տեղի բնակիչներին հասցված վնասի վերաբերյալ անհրաժեշտ ապացույցներ հավաքեն: Համապատասխան ապացույցների հիման վրա ակտիվիստներին մեղադրանքներ կառաջադրվեն:

Հիշեցնենք, որ Extinction Rebellion շարժման ակտիվիստները, որոնք հանդես են գալիս կլիմայական փոփոխությունների դեմ, ապրիլի 15-ին ամբողջ աշխարհում բողոքի ցույցեր են իրականացրել: