Մինչև այսօր գիտեի՝ ուրիշ մարդու մարդն եմ, ի՞նչ է նշանակում Իգնատի Առաքելյանի մարդը․ Գեղամ Գևորգյանը՝ ԼՀԿ պատգամավորին

17:37 • 19.04.19

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի նշանակման հարցի քննարկմանը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը, դիմելով ՏՄՊՊՀ նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանին, հարցրեց, թե արդյոք փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ժամանակին նրան վարձահատույց չի եղել՝ աջակցելով նրա նշանակմանը՝ իր ընտանիքին չրի արտադրության համար նրա գլխավորած հիմնադրամի կողմից տրված դրամաշնորհի դիմաց։

Գեղամ Գևորգյանն ասաց, որ հարցին բազմիցս անդրադարձել է և ասել են, որ դրամաշնորհ տրամադրելու գործընթացը շուտ է եղել՝մինչև Ավինյանի փոխվարչապետ նշանակելը գործընթացի բոլոր փուլերն ավարտվել են։ Բացի այդ, նա ասաց, որ հիմնադրամի ղեկավարը որևէ իրավասություն չուներ՝ տալ, թե չտալ դրամաշնորհ։

Արման Բաբաջանյանը նաև նշեց, թե Գևորգյանը «Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամում» հայտնվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարման ժամանակ:

«Դուք համարվում եք Գյուղատնտեսության նախկին նախարար Իգնատի Առաքելյանի, այսպես ասած, մարդը, ինչպե՞ս եք հայտնվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի տեսադաշտում, եթե ոչ ձեր անվան հետ կապվող դրամաշնորհի պատմության շրջանակներում»,-ասաց նա։

«Ես մինչև այսօր գիտեի՝ ուրիշ մարդու մարդն եմ: Ի՞նչ է նշանակում Իգնատի Առաքելյանի մարդը: Նա իմ ընկերն է, եղել է նախարար, ում օրոք ես աշխատել եմ հիմնադրամում: Բայց այն ինքնակենսագրականը, որ ուսումնասիրել եք, տալիս է տեղեկություն, որ ես 10 տարուց ավելի աշխատում եմ կառավարման համակարգում»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ ինքը 4-5 ղեկավարի հետ է աշխատել։