Եթե ԱԺ բոլոր մեծամասնությունները ձգտեն ՍԴ տանել մի թեկնածուի, որը կկատարի իրենց կամքը, դրանով կփորեն այդ դատարանի գերեզմանը. Գոռ Հովհաննիսյան (տեսանյութ)

19:44 • 19.04.19

Այդպես էլ պետք է լիներ, որ խորհրդարանի որոշումները քաղաքական են, ինքնին հասկանալի է, եթե քաղաքական ուժեր են, ամեն մեկն իր քաղաքական պատկերացումների լույսի ներքո է դիտարկում ցանկացած հարց ու ընդունում որոշումներ, իրավական հարցերի վերաբերյալ որոշումներն էլ խորհրդարանում քաղաքական են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանը, ում թեկնածությունը ՍԴ դատավորի թափուր պաշտոնում ընտրվելու համար ԱԺ-ն մերժել էր:

«Այդ տեսանկյունից ես ոչ մի խնդիր չունեմ իմ թեկնածության մերժման հետ, խնդիրը միայն այն ձևն էր ու այն մակարդակը, որով այդ որոշումը կայացվեց: Շատ ավելի քաղաքակիրթ ու ինձ համար, կարծում եմ, շատերի համար էլ ընդունելի կլիներ, եթե խորհրդարանական մեծամասնությունը հայտարարեր, որ մենք մեր քաղաքական համոզմունքների ու նպատակահարմարությունների լույսի ներքո այս թեկնածությունը մերժելու ենք. նպատակահարմար չենք համարում Հովհաննիսյանի թեկնածությունը զուտ քաղաքական նկատառումներով: Սա լրիվ օրինաչափ կլիներ, ոչ մի խնդիր չկա»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը ՍԴ դատավորի թեկնածուի պաշտոնում առաջարկել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Ըստ սահմանադրագետի՝ այնպիսի լուրջ կառույցները, ինչպիսին է Սահմանադրական Դատարանի դեպքում, որը շատ լուրջ դեր ունի քաղաքականության ոլորտում՝ իրավունքի սահմանների մեջ պահելու համար, իր դատավորի ընտրությունը մասնագիտական բարձր պատրաստվածության ու քաղաքական չեզոքության չափանիշով միայն կատարվեր, հակառակ դեպքում՝ մենք չենք կարող ապահովել անկախ ու արդար դատավորներ Սահմանական դատարանում:

«Եթե բոլոր խորհրդարանական մեծամասնությունները ձգտեն մինչև վերջ ՍԴ տանել մի թեկնածուի, ում հարցում իրենք վստահ են, որ կկատարի իրենց կամքը, դրանով նրանք արդեն ի սկզբանե փորում են այդ դատարանի գերեզմանը: Մենք երբեք մեր երկրում չենք ունենա օբյեկտիվ և անկախ դատավորներ, եթե մեր կուսակցությունները անպայման փորձեն էնտեղ տեսնել մարդկանց, ովքեր կկատարեն իրենց կամքը: Կուսակցությունները գոնե այս մի հարցում պետք է տեր կանգնեն իրենց քաղաքական կամքին, եթե իրոք կա քաղաքական կամքը, որ մենք ունենանք անկախ ու օբյեկտիվ, արդար դատարաններ, ապա պետք է պահպանվի դատավորի նշանակման երկու չափանիշ՝ շատ լավ ու չեզոք իրավաբաններ»,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է սուպերվարչապետական համակարգին, ապա Գոռ Հովհաննիսյանն ասաց՝ երբ որ կունենանք շատ լավ Սահմանադրական դատարան, ընդհանրապես որևէ պրոբլեմ չենք ունենա սուպերվարչապետության կամ սուպերնախագահության հետ, որովհետև այդ Սահմանադրական դատարանը երբեք թույլ չի տա նման բան:

Մանրամասները՝ տեսանյութում:

 



Ամալյա Առաքելյան