Ես կարող եմ սխալվել, բայց ներքաշվել հեղափոխության սկզբունքներին հակասող գործարքների մեջ բացառված է. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում է հեռուստահաղորդումների որակի բարձրացման հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերի հարցերին պատասխանելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օգտատիրոջը հետաքրքրում էր, թե ինչ քայլեր են ձեռնարկվում հեռուստաեթերի որակը բարձրացնելու համար:
«Վերջերս կառավարությունում այդ թեմայով քննարկում էր, խոսում էինք սերիալների որակի ամսին: Տեսնելով, որ Հայաստանում սերիալները պավական պոպուլյար են, կարծում ենք, որ ճիշտ կլինի դրանց որակը բարձրացնելով, մտցնել կրթական բաղադրիչ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ հեռուստասերիալներից բացի պետք է ուշադրություն դարձնել հաղորդումներին: Ըստ ՀՀ վարչապետի՝ արդեն եթերում կան հաղորդումներ, որոնք դրական արձագանք են ստանում հասարակության շրջանում, բավական հետաքրքրություն կա «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման նկատմամբ: Նիկոլ Փաշինյանի կարծիքով, պետք է ավելին լինեն կրթական, դաստիարակչական բաղադրիչներ պարունակող հաղորդումները:
Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորեց մի նոր ծրագիր, որն իրագործվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից: Խոսքը «E-cult» նախագծի մասին է, որ դպրոցականներին հնարավորություն կտա տարվա մեջ մեկ անգամ անվճար այցելել թատրոն, համերգասրահ թանգարան: Վարչապետը տեղեկացրեց, որ dasaran.am-ում կտեղադրվի համապատասխան գործիք, որով աշակերտները հնարավորություն կունենան մշակութային օջախներ հաճախելու տոմսեր:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց այն պնդումը, որ Հայաստանում վենդետաներ չեն լինելու, սակայն լինելու է արդարադատություն, օրինականության հաստատում:
«Մենք միջոցներ ենք ձեռնարկում և ձեռնարկելու ժողովրդից թալանվածը հետ բերելու ուղղությամբ: Իհարկե, 100 տոկոսով գոհ չեմ այդ ուղղությամբ տարվող աշխատանքի ծավալներից ու արդյունքներից, սակայն դրա համար կան մի շարք պատճառներ: Դրանից մեկը նշեմ: Նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործի վերաբերյալ տեսանյութը հրապարակելուց հետո, բազմաթիվ անձինք իրենց ունեցածը շատ արագ թաքցրեցին, այդ թվում՝ Հայաստանից դուրս: Հիմա դա գտնելը դժվար է դարձել, սակայն մենք ունենք քաղաքական կամք գործը մինչև վերջ տանելու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Օգտատերը հարց էր ուղղվել այն մասին, թե ինչու որոշ նախկին բավական բարձրաստիճան պաշտոնյաներ պատասխանատվության չեն կանչվում: Հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք անձերի հետևից ընկած չեն: Եթե կբացվի գործ, որտեղ կլինեն հիմքեր այս կամ այն պաշտոնյային պատասխանատվության կանչելու, ապա ոչ ոք չի խուսափի պատասխանատվությունից: Նա ընդգծեց, որ Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ՝ կլինի ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, թե ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Ես ոչ մի կուլիսային պայմանավորվածություն չունեմ այս կամ այն պաշտոնյայի հետ: Եթե նման բան լինի, ապա ոչ միայն հեղափոխությունն է անիմաստ, այլև իմ ապրած կյանքը: Դա սկզբունքորեն անհամատեղելի է ինձ հետ: Ես այդպիսի գործարքների չեմ գնա: Խնդրում եմ՝ դավադրությունների մեջ ինձ չկասկածեք: Ես կարող եմ սխալվել, բայց ներքաշվել հեղափոխության սկզբունքներին հակասող գործարքների մեջ՝ դա բացառված է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ տարբեր գործերով իրականացվող քննության որակի հետ կապված բավական բարձր պահանջ է դրել:










