Ավստրալիայում զբոսաշրջիկներին փրկել են ավազին պատկերված գրության շնորհիվ

22:25 • 19.04.19

Ավստրալացիներ Շանթել Ջոնսոնին և Քոլեն Նալջիթին հաջողվել է փրկել ավազի վրա պատկերված գրության շնորհիվ: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, ուղևորությունն ազգային պարկերից մեկի հեռավոր շրջանը քիչ էր մնում՝ ողբերգությամբ ավարտվեր: 

Զույգը մեքենան կանգնեցրել է օվկիանոսի ոչ մարդաշատ ափին, որտեղ մեքենան շուտով խցանվել է: Բացի այդ, ավստրալացիներին չի հաջողվել կապ հաստատել որևէ մեկի հետ և օգնություն խնդրել: Եվս մեկ վտանգավոր հանգամանքը նրանց համար այն էր, որ դա տեղի էր ունենում տեղատվության ժամանակ, որին հաջորդող մակընթացությունը սպառնում էր կոկորդիլոսների գրոհով:

Նրանք որոշեցին ծովափնյա ավազի վրա մեծ տառերով գրել «Օգնություն» բառը՝ հույս ունենալով, որ իրենց կարող է նկատել այդ տարածքում թռչող ինքնաթիռներից մեկը:

Նրանք 26 ժամ են անցկացրել այդտեղ և գիշերել են մեքենայի մեջ, մինչ փրկրարները հասել են օգնության:

Նրանք զգուշացրել էին հարազատներին, թե ուր են մեկնում: Բարեկամներն էլ, չկարողանալով կապ հաստատել նրանց հետ, դիմել են փրկարարներին, որոնք էլ օդանավով փնտրելիս նկատել են ավազին պատկերված գրությունը: