«124 միլիոնի փուչիկ են առնելու` պայթեցնեն, բայց չեն օգնում ինձ, որ 4 ապագա զինվոր ունեմ». քաղաքացուն Կոտայքի մարզպետարանից արձագանքում են՝ բնակարանի հարցն իրենց իրավասության ներքո չէ
Չարենցավանի բնակիչ Անժելա Կիրակոսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ չորս անչափահաս տղաների մայր է, ունի բնակարանի խնդիր ու թեև Կոտայքի մարզպետը խոստացել էր օգնել բնակարան ձեռք բերելու հարցում, բայց մարզպետարանից հայտնել են, որ դա հնարավոր չէ:
«Ես մի քանի անգամ մոտեցա մարզպետին, տեղեկացրեցի, որ 16 տարի է վարձով եմ ապրում, և խնդրեցի, որ գումար հատկացնեն կամ միջնորդ լինեն՝ ինչ-որ ձևով տուն առնեմ և գումարը ամսական վճարեմ: Խոստացավ, որ դա հնարավոր կլինի, երբ ԱԺ-ն լուծարվի և ասաց, որ բնակարան գտնեմ: Բնակարանը գտա, մոտեցա մարզպետին, վերջինս ասաց, որ մի քիչ էլ ժամանակ տամ, խնդրեցի տանտիրոջը սպասել: Այնուհետև մարզպետը ուղղորդեց ինձ Կոտայքի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժին»,-պատմեց նա:
Անժելա Կիրակոսյանը նշեց, որ թեև շատ գոհ է այս բաժնի աշխատակիցների վերաբերմունքից, և որոշ չափով աջակցությունից, սակայն նրան ասել են, որ իր բնակարանի խնդիրը հնարավոր չէ լուծել: «Այսօր 124 միլիոն դրամ նախատեսում են ինչ-որ փուչիկներ առնեն, օդում պայթեցնեն, բայց մեր նման բնակիչը, որ չորս ապագա զինվոր ունի և ծառայելու է իրենց համար, ինձ ոչ մի ձեռք չեն մեկնում»,-ասաց նա և նշեց, որ նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին, Գագիկ Ծառուկյանին`13 հազար դոլար խնդրելով բնակարան գնելու համար՝ պայմանով, որ այդ գումարը իրենք ամեն ամիս վճարեն և մարեն:
Կինը բողոքեց, որ բանկերը հիպոթեքային վարկ չեն տրամադրում իրեն: «Ինձ ասում են, եթե դու գույք ձեռք բերես, դու փարոս չես ստանա: Ում դիմում եմ՝ ասում են, որ դու չես համապատասխանում պայմաններին: Հետագայում էլ ես չորս ապագա զինվորի փաստաթղթերը կտանեմ, կասեմ, որ իմ երեխաներն էլ չեն համապատասխանում, որ ձեր նմանների համար սահման պահեն»,-ասաց նա: Չնայած դրան՝ կինը նշեց, որ մարզպետարանը ամուսնու վիրահատության համար օգնություն տրամադրել է:
Tert.am-ը պարզաբանում խնդրեց Կոտայքի մարզպետարանի Ընտանիքի կանանց և երեխաների պաշտպանության բաժնի պետ Արտյուշա Պետրոսյանից, ով նշեց, որ լուրջ խնդիր կա՝ կապված բնակարանաշինության հետ, սակայն այդ հարցը մարզերի իրավասության շրջանակում չէ: «Այդ խնդիրը միշտ էլ մարզպետի ուշադրության կենտրոնում է: Այս ընթացքում շատ դիմումներ են եղել քաղաքացիներից, ովքեր բնակարանի խնդիր ունեն, վարձով են մնում, սակայն մեր բաժինը այդ կարգի ծառայություններ մատուցող չէ»,-նշեց նա:
Մասնավորապես՝ Անժելա Կիրակոսյանի խնդրի վերաբերյալ Պետրոսյանն ասաց, որ տեղյակ է և գիտի, որ իրենց ֆինանսական հնարավորությունները չեն ներում բանկային ծրագրերից օգտվել: «Այդ ընտանիքի մասին տեղյակ ենք, չորս անչափահաս տղաներ ունեն, ովքեր վաղը զինվոր են լինելու»,-ասաց նա:
Հարցին՝ եթե մարզպետարանի լիազորությունների շրջանակում չէ հարցի լուծումը, ինչպե՞ս է մարզպետը խոստացել լուծել այդ հարցը և քաղաքացուն ուղղորդել ձեր բաժին, բաժնի պետը պատասխանեց՝ հնարավոր է քաղաքացին ճիշտ չի հասկացել:










