Գերմանիայում մեղադրանք է առաջադրվել համակենտրոնացման ճամբարի 92-ամյա նախկին աշխատակցին

02:47 • 19.04.19

Համբուրգի դատախազությունը մեղադրանք է առաջադրել «Շտուտգոֆ» նացիստական համակենտրոնացման ճամբարի 92-ամյա նախկին անվտագության աշխատակցին: Այս մասին հայտնում է life.ru-ն:

Նշվում է, որ մեղադրյալը 1944 թվականի օգոստոսի 9-ից մինչև 1945 թվականի ապրիլի 26-ը ծառայել է լեհական ճամբարում: Այդ ժամանակահատվածում նացիստները սպանել էին առնվազն 5230 մարդու` գազով թունավորելու, սովամահության, խոշտանգումների կամ թունավոր ներարկումների միջոցով:

Կամավոր հարցաքննության ժամանակ տղամարդը խոստովանել է, որ անձամբ է տեսել, թե ինչպես է կատարվել այդ ամենը: Երբ նա անցել է ծառայության, եղել է ընդամենը 17 տարեկան: Նա նշել է, որ երբեք նացիստական հայացքներին կողմնակից չի եղել և ծառայության է անցել սրտի հետ կապված հիվանդության պատճառով: Դա նշանակում է, որ նա կարող էր աշխատել միայն որպես հսկիչ:

Տղամարդն ընդգծել է, որ ցավ էր ապրում գերիների տանջանքները տեսնելով, սակայն իր մեղքը խոստովանել` հրաժարվում է, նշելով, որ եթե ինքը չլիներ, իր փոխարեն կաշխատեր մեկ ուրիշը: