Պերուում երկրի նախկին նախագահի կուսակիցներին տեղափոխող ավտոբուսը նրա հուղարկավորությանը մեկնելիս վթարի է ենթարկվել, առնվազն 8 մարդ է զոհվել
Պերուում ավտոճանապարհային վթարի հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել, 45-ը տուժել են: Ինչպես նշում է El Comercio հարթակը, բոլոր զոհերից և տուժածներից շատերը երկրի նախկին նախագահ Ալան Գարսիայի կուսակցության անդամներ են և ուղևորվելիս են եղել վերջինիս հուղարկավորությանը:
Ողբերգությունը տեղի է ունեցել տեղի ժամանակով 16:00-ի սահմաններում Լիմա շրջանում: Ամերիկյան ազգային-հեղափոխական դաշինքի պատվիրակությանը տեղափոխող ավտոբուսը կամրջի վրա բախվել է բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով մի քանի ուղևոր դուրս է թռել սրահից և ընկել կամուրջից, ուղևորներից 2-ը մահացել են հիվանդանոցում:
Ներկա պահին տուժածները հիվանդանոցում են: Ավտոբուսում ընդհանուր առմամբ 54 ուղևոր է եղել:
Հիշեցնենք, որ Ալան Գարսիան, որը Պերուի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1985-1990 և 2006-2011 թվականներին, ինքնասպան էր եղել երեկ այն բանից հետո, երբ ոստիկանության աշխատակիցները փորձել են կոռուպցիայի գործով ձերբակալել նրան: Պերուի կառավարությունը Գարսիայի մահվան առնչությամբ եռօրյա սուգ էր հայտարարել:










