Բարեգործության անվան տակ գործող «Զին տաքսի»-ն իր գործունեության մասին տվյալները թաքցնում է, ՊԵԿ-ն էլ ստուգումներ չի իրականացրել

20:14 • 19.04.19

Հարկային մարմնի տեղեկատվական բազայի համաձայն՝ «Զին տաքսի» ՍՊԸ-ն պետական գրանցում է ստացել 10.07.2018թ., և առ 09.04.2019թ. ընկերությունում ստուգումներ չեն իրականացվել:

Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Պետական եկամուտների կոմիտեից:

Հարցերին, թե  ստուգումներ արվել են նշված ընկերությունում, բացի այդ, ՊԵԿ-ը բարեգործության չափի վերաբերյալ տեղեկություն ունի, թե ոչ, ՊԵԿ-ից հայտնել են. «Հարկ վճարողների մոտ (այդ թվում՝ տաքսի ծառայություններում) համալիր հարկային ստուգումներն իրականացվում են ՀՀ հարկային օրենսգրքի 336-րդ հոդվածի համաձայն ռիսկերի վրա հիմնված հարկային ստուգումների համակարգի միջոցով համալիր ստուգումների տարեկան ծրագրում հարկ վճարողների ընդգրկվելու դեպքում կամ նույն օրենսգրքի 337-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

Միաժամանակ հայտնում ենք, որ վերը նշված ընկերությունը 2018 թվականի հուլիսի 1-ից մինչև 2019 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար հաստատված համալիր տարեկան ստուգումների ծրագրում ընդգրկված չէ:

Հարկային մարմնում «Զին տաքսի» ՍՊԸ-ի բարեգործության չափի վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ նույնիսկ հարկային մարմնում նման տեղեկատվության առկայության պարագայում, համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 63-րդ կետի, այն հանդիսանում է հարկային գաղտնիք պարունակող տեղեկատվություն և ենթակա չէ տրամադրման (հրապարակման)»:

Արդեն հայտնել ենք, որ Tert.am-ը նոյեմբերի սկզբից «Զին տաքսիից» տեղեկատվություն է խնդրել տաքսի ծառայության գործունեության վերաբերյալ, ինչպես նաև իրենց նշած՝ բարեգործության չափի, ապացույցների վերաբերյալ:
 
Tert.am-ը մի քանի անգամ զրուցել է Արսեն Մարգարյանի հետ, ով «Զինվորի քավոր Մարգարյան բարեգործական» հիմնադրամի ղեկավարն է, որին պատկանում է «Զին տաքսին»: Նա մի քանի ամիս խոստացավ հրապարակել համապատասխան փաստաթղթեր, սակայն չհրապարակեց, վերջերս էլ հայտնեց, որ այլևս նշված տաքսի ծառայության հետ առնչություն չունի:

Այսօր կրկին Tert.am-ը կապ հաստատեց «Զին տաքսիի» հրապարակած հեռախոսահամարներով, նրանցից միայն մեկին պատասխանողը ներկայացավ որպես տեխնիկական բաժնի աշխատող և ասաց, որ տաքսի ընկերության տնօրենը Հովհաննես Մարգարյանն է, ում տվյալները կարող  է տրամադրել որոշ ժամանակ անց՝ նրանց թույլտվություն ստանալուց հետո: Ինչ վերաբերում է Արսեն Մարգարյանին, նա ասաց, որ Արսեն Մարգարյանը «Զինվորի քավոր Մարգարյան բարեգործական» ընկերության ղեկավարն է: Որոշ ժամանակ անձ «Զին տաքսիից» այլևս հեռախոսազանգերին չպատասխանեցին: