ԱՄՆ-ում 12 երեխաներին տարիներ շարունակ տանը շղթայակապ պահած ամուսինները դատապարտվել են ցմահ ազատազրկման (լուսանկարներ)

14:42 • 20.04.19

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի բնակիչներ Դևիդ և Լուիզ Տուրպինները, որոնք իրենց մեղավոր են ճանաչել տարիներ շարունակ իրենց 12 երեխաներին տանը շղթայակապ պահելու և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու համար, դատարանի կողմից ցմահ ազատազրկման են դատապարտվել:

Ինչպես նշում է The Guardian-ը, միևնույն ժամանակ դատարանը նրանց իրավունք է տվել 25 տարի հետո դիմել ներում ստանալու խնդրանքով:

Նշվում է, որ ապրիլի 19-ին կայացած դատավարության ժամանակ բազմազավակ մայրն արտասվել է ու  ներողություն խնդրել երեխաներին ցավեցնելու համար:

«Ներողություն եմ խնդրում երեխաներիս ցավեցնելու, վնասելու համար: Ես նրանց այնքան շատ եմ սիրում և միայն ամենալավն էի ցանկանում նրանց»,-ասել է կինը:

Մինչդեռ նրա ամուսինը փորձել է հնարավորինս կարճ խոսել՝ ասելով, որ միայն լավ նպատակներ է ունեցել:

 

 

Զույգի դուստրերից մեկը, չկարողանալով զսպել արցունքները, դատարանի դահլիճում ասել է. «Ծնողներս ինձնից ամբողջ կյանքս են խլել, հիմա ես այն հետ եմ վերցնում»:

Երեխաներից ոմանք էլ խոստովանել են, որ դեռևս սիրում են իրենց ծնողներին: Նրանցից մեկը դատարանին խնդրել է մեղմ վճիռ կայացնել, քանի որ ծնողները հավատացած էին, որ իրենց արած ամեն մի քայլով պաշտպանել են երեխաներին:


Image result for david and louise turpin

 

Հայտնի է, որ զույգի ձերբակալությունից ի վեր սա եղել է երեխաների հրապարակային խոսելու առաջին դեպքը: Մինչ նրանք պատմել են վերապրած սարսափների, մղձավանջի, մշտապես շղթայված լինելու, ծեծվելու մասին, ծնողներն արտասվել են:

 

Image result for david and louise turpin

 

Հայտնի է, որ Տուրպինները ձերբակալվել էին մեկ տարի առաջ, երբ նրանց 17-ամյա դուստրը հաջողացրել էր փախչել տնից ու 911 ծառայություն զանգահարել: Նա պատմել էր, որ քույր-եղբայրները շղթայված են իրենց մահճակալներին և որ իրենք ամիսներ շարունակ չեն լողացել:

 

Related image

 

Աղջիկն այնքան երկար էր մեկուսացած կյանքով ապրել, որ չի իմացել իր հասցեն, ինչպես նաև պատկերացում չի ունեցել դեղամիջոցների մասին: Հայտնաբերված երեխաների տարիքը տատանվել է 2-29-ի սահմաններում, նրանք բոլորն էլ թերսնված են եղել: