Փարիզում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի ժամանակ 189 մարդ է ձերբակալվել
Փարիզում «դեղին բաճկոններ» շարժման բողոքի ակցիայի ժամանակ 189 մարդ է ձերբակալվել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ մեջբերելով ոստիկանության տվյալները:
Տեղի աղբյուրի տվյալներով՝ ձերբակալվածների թիվը գնալով աճում է: Ներկա պահի դրությամբ 112 մարդ կալանքի տակ է առնվել:
Ավելի վաղ ոստիկանությունը տեղեկացրել է, որ 14:00-ի դրությամբ (երևանյան 16:00) Ֆրանսիայի ողջ տարածքում անցկացվող բողոքի ցույցերին մասնակցում է 9600 մարդ, որոնցից 6700-ը՝ Փարիզում:
«Դեղին բաճկոնների» խոշորամասշտաբ ցույցերը Ֆրանսիայում սկսվել են նոյեմբերի 17-ին՝ որպես բողոք վառելիքի գնի թանկացման դեմ: Ֆրանսիական իշխանությունների սոցիալական քաղաքականությունից դժգոհ քաղաքացիները շարունակում են ամենշաբաթյա բողոքի ցույցերը, թեև կառավարությունը որոշում է կայացրել չթանկացնել վառելիքը:
Այսօր ցուցարարները փողոց են դուրս եկել 23-րդ շաբաթն անընդմեջ: Փարիզի ոստիկանությունն ավելի վաղ արգելել էր ցույցերն իրականացնել Աստվածամոր տաճարի մոտակայքում, ինչպես նաև Ելիսեյան դաշտերի ու Ելիսեյան պալատի մոտ:










