Բելգրադում անցկացված կառավարության աջակիցների հանրահավաքին մասնակցել է մոտ 150 հազար մարդ

02:50 • 20.04.19

Բելգրադում սերբիական կառավարության աջակիցների հրավիրած հանրահավաքին մասնակցել է 140-ից 150 հազար մարդ: Այդ մասին հայտնել է ТАСС-ը՝  հղում անելով Բելգրադի ոստիկանության պետ Միլան Ստանիչին:

Ստանիչի խոսքով՝ հանրահավաքն անցել է հանգիստ և առանց միջադեպերի:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակցիան սկսվել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ելույթով, որը խոսել է երկրում նոր ձեռնարկությունների բացման մասին: Ներկաները կատարել են երկրի ազգային օրհներգը և ճրագներ վառել:  

Նշվում է, որ Բելգրադ է ժամանել մոտ 3 հազար ավտոբուս: Քաղաքացիները մայրաքաղաք են եկել Սերբիայի տարբեր շրջաններից` իրենց աջակցությունը հայտնելու գործող կառավարությանը: Ակցիայի մասնակիցների ձեռքին եղել են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դիմանկարով, ինչպես նաև տարբեր իշխանամետ կարգախոսներով  պաստառներ:

Ավելի վաղ, Ալեքսանդար Վուչիչը հայտարարել էր, որ այս հանրահավաքը լինելու է վերջին 50 տարվա ընթացքում ամենամասշտաբայինը:  Պրոիշխանական ակցիան պատասխանն է ընդդիմությանը, որի կողմնակիցները կառավարության դեմ բողոքի ցույցեր են իրականացնում նախորդ տարվա դեկտեմբերից: