Բավականին թեժ և կեղտոտ ընտրապայքար է լինելու․ Տիրան Լոքմագյոզյանը՝ Պոլսո պատրիարքի ընտրությունների մասին (տեսանյութ)

14:54 • 20.04.19

Պոլսո պատրիարքական ընտրությունների շուրջ զարգացումներ սկսվեցին Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահից անմիջապես հետո: Լրագրողների հետ զրույցում այսօր նման դիտարկում արեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը:

«Կասկածներ առաջացան անգամ, թե արդյոք Մութաֆյանը սպանվել է,- ասաց նա՝ նկատելով, որ հիմա պատրիարքարանում տեղի ունեցողի արդյունքում հասկանում ենք, որ Պոլսո պատրիարքի աթոռի համար պայքարը ուժեղ է լինելու,-  պայքարն արդեն սկսվել է»:

Նա նկատեց, որ իհարկե, ընտրապայքարը չի սկսել, բայց իրար տակ փորելն է արդեն սկսել: «Բավականին թեժ և կեղտոտ ընտրապայքար է լինելու, որովհետև արդեն սկսվեց կեղտոտ փուլը: Մեկը մյուսի դեմ ծուղակ է լարում, մեկը մյուսին ինչ-որ տեղ նկարահանում է, և տեղադրում են «Ֆեյսբուքում» և սկսում են աջուձախ քննարկել այդ ամենը, հոյհոյել և այլն: Այդ ամենը սկսվել է արդեն»,- ասաց նա:

Խոսելով հնարավոր թեկնածուների մասին՝ Տիրան Լոքմագյոզյանը նկատեց, որ հիմա երեք հիմնական անուններ են շրջանառվում՝ Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանինը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Չուլջյանինը և Պոլսո պատրիարքարանից Սահակ Մաշալյանինը, սակայն հնարավոր է, որ Գարեգին Բեքչյանն էլ հետ կանգնի իր նախկինում ընդունած որոշումից և որպես թեկնածու առաջադրվի, այլ թեկնածուներ էլ գուցե լինեն:

«Առաջին անգամ մենք վերջապես կունենանք պաշտոնական պատրիարք: Փոխարինողը միշտ էլ գիտենք, որ մեկ աստիճան ցածր է»,- ասաց նա՝ նկատելով, որ նախկինում պատրիարք չունենալու և ընտրական գործընթացը չկազմակերպելու պատճառով համայնքում էլ խմորումներ էին առաջանում:

Եթե Աթեշյանն ընտրվի պատրիարք, ըստ նրա, ամեն ինչ պատրիարքարանում կմնա նույնը: «Առաջին հերթին մենք տեսանք, որ Աթեշյան սրբազանը հենց իր դիրքն ապահովելու համար պետության հետ շատ միացավ, շատ բան ինքը կորցրեց, և համայնք էլ կորցրեց»,- նշեց նա:

Տիրան Լոքմագյոզյանը նշեց, որ շատ հավանական է, որ հենց Աթեշյանն էլ ընտրվի: «Չկարծեք, որ նա կողմնակիցներ չունի, նա ամենահավանական հաղթողն է: Ամենաթույլը Չուլջյանն է, որովհետև իրեն համայնքը չի ճանաչում, պետությունն էլ նրան չի ցանկանա, քանի որ դրսից է»,- ասաց նա: