Փարիզում մեկնարկել է «դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիան
Ապրիլի 20-ին Փարիզում մեկնարկել է «դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիան, հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ հակակառավարական ակցիաները շարունակվում են 2018թ. նոյեմբերից ի վեր և տևում են արդեն 23 շաբաթ:
Այսoրվա ցույցը սկսվել է Փարիզում՝ էկոնոմիկայի նախարարության շենքի մոտ:
Հայտնի է, որ իշխանությունները ցուցարարներին արգելել են բողոքի ակցիան անցկացնել Ելիսեյան դաշտերում և Փարիզի Աստվածամոր տաճարի տարածքում:
Վերջին տվյալներով՝ ցույցին մասնակցում է մի քանի հարյուր մարդ: Նրանք ծածանում են Ֆրանսիայի դրոշը, բղավում են կարգախոսեր, երգեր են երգում: Ցուցարարներից մեկը ծածանել է «Աստվածամոր տաճարի համար միլիոններ, իսկ ի՞նչ անեն աղքատները» գրությամբ պաստառ:
Աղբյուրը մանրամասնում է, որ ցուցարարները մի քանի ճայթուկ են պայթեցրել:
Նախօրեին Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը տեղեկացրել էր, որ ցույցի ընթացքում անվտանգությունն ապահովելու է մոտ 60 000 ոստիկան:
Հիշեցնենք, որ «դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիաները սկսվել են 2018թ. նոյեմբերի 17-ին: Ցուցարարները դժգոհում են նախագահ Էմանուել Մակրոնի վարած սոցիալական քաղաքականությունից: Ցույցերը հիմնականում ուղեկցվում են զանգվածային անկարգություններով ու ոստիկանության հետ բախումներով:










