Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն 3 մլրդ դոլարի օգնություն կհատկացնեն Սուդանին
Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան, ընդհանուր առմամբ, 3 մլրդ դոլարի օգնություն կտրամադրեն Սուդանին:
«Հաջակցություն եղբայրական Սուդանին և նրա ժողովրդին ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան հայտարարում են օգնության համատեղ փաթեթի մասին 3 մլրդ դոլարի չափով», - աղբյուրի հայտարարությունը մեջբերում է РИА Новости-ն:
Սպասվում է, որ 500 մլն դոլար կկիրառվի սուդանական ազգային արժույթին և երկրի Կենտրոնական բանկին աջակցելու համար: Գումարի մնացած մասը Սուդանի ժողովրդին կհատկացվի առաջին անհրաժեշտության օգնության տեսքով (սննդամթերք, դեղամիջոցներ և նավթաարտադրանք):
Սուդանում ապրիլի 11-ին ժողովրդական ցույցերի ֆոնին ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել: Նախագահ Օմար ալ-Բաշիրը հեռացվել է իշխանությունից, իսկ երկրի ղեկավարությունը ստանձնել է բանակը՝ ստեղծելով հատուկ անցումային զինվորական խորհուրդ:
Ազգային բողոքները Սուդանում չեն դադարում. ցուցարարները պահանջում են անհապաղ կազմել քաղաքացիական ղեկավար մարմին և փոխանցել իշխանությունը:










