Շրի Լանկայի վարչապետը դատապարտել է երկրում որոտացած պայթյունները

12:23 • 21.04.19

Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգհեն դատապարտել է այսօր առավոտյան երկրի 3 եկեղեցիներում և 3 հյուրանոցներում տեղի ունեցած հարձակումները, որոնք, ըստ ներկա տվյալների, ավելի քան 160 մարդու կյանք են խլել:

«Ես խստորեն դատապարտում եմ մեր ազգի նկատմամբ այսօր իրականացված ստորաքարշ հարձակումը: Կոչ եմ անում բոլոր շրիլանկացիներին այս ողբերգական պահին մնալ համախմբված և ուժեղ: Խնդրում եմ խուսափել չճշտված տեղեկություններ և ենթադրություններ տարածելուց: Կառավարությունը ձեռնարկում է բոլոր անհապաղ քայլերն իրավիճակը վերահսկելու համար»,- գրել է վարչապետը թվիթերյան իր էջում:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Զատիկի տոնակատարությունների ժամանակ երկրի տարբեր մասերում 6 պայթյուն էր որոտացել, որի հետևանքով զոհերի թիվը ոչ պաշտոնական տվյալներով գերազանցել է 160-ը, մինչդեռ տուժածների թիվը, ըստ տարբեր տվյալների, 300-400-ի սահմանում է:

Ներկա պահին երկրի կառավարությունը վարչապետի գլխավորությամբ արտահերթ նիստ է անցկացնում: