Շրի Լանկայում 7-րդ պայթյունն է որոտացել. զոհերի թիվը շարունակում է աճել՝ հասնելով 187-ի (լուսանկարներ)

13:15 • 21.04.19

Շրի Լանկայում որոտացել է այսօրվա ընթացքում արդեն 7-րդ պայթյունը: Ոստիկանության տվյալներով՝ պայթյունը որոտացել է Կոլոմբո քաղաքի Դեհիվալա արվարձանի հյուրանոցներից մեկում: Պայթյունի հետևանքով արդեն 2 մարդ է զոհվել, հաղրոդում է news18.com-ը:

Ավելի վաղ տեղի ժամանակով 08:45-ի սահմաններում երկրում Զատկի տոնակատարությունների ժամանակ ևս 6 պայթյուն էր որոտացել: Դրանցից 3-ը որոտացել են մայրաքաղաքի Shangri-La, Cinnamon Grand և Kingsbury հյուրանոցներում, մյուս 3-ը՝ Կոլոմբո, Նեգոմբո և Բատտիկալոա քաղաքների եկեղեցիներում, ընդ որում՝ պայթյուններից 2-ն իրականացվել են մահապարտ ահաբեկիչների կողմից:

Ներկա պահին հաղորդվում է պայթյունների հետևանքով 187 զոհի մասին, կան հարյուրավոր տուժածներ: Բուժհաստատությունների մոտ բազմաթիվ մարդիկ են հավաքվել՝ տուժածների համար արյուն հանձնելու:

Շրի Լանկայի և օտարերկրյա մի շարք պաշտոնյաներ դատապարտել են կատարվածը՝ այն ահաբեկչական հարձակում որակելով:

Երկրի կառավարությունը պայթյունների առնչությամը արտահերթ նիստ է գումարել, փակվել են ուսումնական հաստատությունները: