Երևանի քաղաքապետարանը շուտով կգործարկի հանրաքվե իրականացնելու համար նախատեսված հարթակ

19:15 • 21.04.19

Քաղաքապետի հանձնարարությամբ «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաներ» ՓԲԸ մասնագետները մշակում են օնլայն հարթակ, որը հնարավորություն կտա իրականացնել հանրային հարցումներ՝ Երևանին վերաբերող հարցերի վերաբերյալ հանրության կարծիքն իմանալու համար: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Կայքի հարթակի տեխնիկական աշխատանքները գրեթե ավարտված են, առաջիկայում հարթակը կսկսի գործել»,-նշված է քաղաքապետարանի պատասխանի մեջ:

Հիշեցնենք, որ քաղաքապետ Հայկ Մարությանը երևանցիների հետ նախընտրական հանդիպումների ժամանակ, ներկայացնելով նախընտրական ծրագիրը, ասել էր, որ ընտրվելու դեպքում Երևանին վերաբերող որոշումները կայացվելու են հանրաքվեների միջոցով: Սա ապահովելու համար քաղաքապետարանի կայքում ստեղծվելու է հանրաքվեի համար նախատեսված հատուկ հարթակ:

Քաղաքապետարանից Tert.am-ին հայտնեցին նաև, որ Հայկ Մարությանի որոշմամբ՝ Երևանի համայնքային բյուջեից շուրջ 500 հազար դրամ է հատկացվել, որը կտրամադրվի Երևանի բնակիչների կողմից ներկայացված ծրագիր-առաջարկների ֆինանսավորմանը: Այս ծրագրի շրջանակներում ֆինանսավորման ենթակա առաջարկները կորոշվեն հենց նորաստեղծ օնլայն հարթակում: