Խոսքը 124 մլն դրամի փուչիկ գնելու մասին չէ, այլ քաղաքացու գերակայությունը հաստատելու․ Ա․ Սիմոնյանը՝ Քաղաքացու օրը նշելու մասին
Ես տեղեկություն չունեմ, թե ինչի վրա է ծախսվելու Քաղաքացու օրը նշելու համար նախատեսված 124 մլն դրամը, դա գործադիրի կողմից է հատկացված: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ այսօր իր համար շատ կարևոր օր է՝ հիշեցնելով, որ նախորդ տարի այս օրը ձերբակալել էին հեղափոխության առաջնորդներին։
«Այսօր այն օրն է, երբ Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանն ու Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեցին, և ես մի քանի իմ ընկերների հետ մնացի միանձնյա ժողովրդի հետ և պետք էր պահել: Այսօրվանից սկսած՝ ամեն օր էլ տոն է, մինչև ավելի լավ ու կարևոր իրադարձություններ»,- ասաց Սիմոնյանը։
ԱԺ փոխնախագահը, արձագանքելով դիտարկմանը, որ Քաղաքացու օր նշելու համար 124 մլն է տրամադրվում:
Դիտարկմանը, որ շատերը պնդում են, թե այս գումարը կարելի էր ծախսել սոցիալական այլ խնդիրներ լուծելու համար՝ հիվանդ երեխաներ, աղբահանություն և այլն, Սիմոնյանն արձագանքեց, թե ինքը հարցումներ է լսել քաղաքացիների հետ, որոնք պնդում են, որ պետք է նման տոն ունենալ։
«Դա հերթական տոնախմբությունը չէ, դա շատ կարևոր մի իրադարձության արձանագրում է: Խոսքը քաղաքացու գերակայության, քաղաքացու դերի բարձրացման մասին է, և այդ քաղաքացին է այսուհետ որոշելու ՀՀ-ում ամեն ինչ: Այդ օրը համեստ կերպով նշելը սխալ կլիներ»,- շարունակեց Ալեն Սիմոնյանը։
ԱԺ փոխնախագահը կարծում է, որ մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ կերպ պետք է տոնը նշվի։ Նա շեշտեց՝ խոսքը 124 մլն դրամի փուչիկ գնելու մասին չէ։
«Խոսքը քննարկումների, քաղաքացիական գիտակցությունն էլ ավելի շատ բարձրացնելու և այդ երևույթն էլ ավելի զարգացնելու մասին է, որը բերելու է ՀՀ-ին ավելի մեծ հաղթանակներ»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը։










