ՍԴ դատավորի թեկնածուին չընտրելը վերաբերմունք չէ թեկնածուին ներկայացնող ինստիտուտի նկատմամբ. Արարատ Միրզոյան (տեսանյութ)
Շատ հստակ պետք է արձանագրենք, որ ՍԴ դատավորի թեկնածուին չընտրելը վերաբերմունք չէ թեկնածուին ներկայացնող ինստիտուտի նկատմամբ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:
«Նախագահը լիազորություն ունի առաջադրելու թեկնածու, ԱԺ-ն իրավունք ունի ընտրել կամ չընտրել առաջադրված թեկնածուին: Դրա համար կատարվում է գաղտնի քվեարկություն»,- նշեց ԱԺ նախագահը:
Արարատ Միրզոյանը նաև հայտնեց, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանի չընտրվելուց հետո նախագահի հետ քննարկում չի եղել:
Արդեն 3-րդ անգամ է, որ նախագահն առաջադրում է ՍԴ դատավորի թեկնածու, և խորհրդարանը չի ընտրում թեկնածուներին: Արարատ Միրզոյանը նկատեց, որ այս գումարման ԱԺ-ն առաջին անգամ չի ընտրել նախագահի առաջադրած թեկնածուին:
Ինչ վերաբերում է Գոռ Հովհաննիսյանին ուղղված «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հարցին, դրանց ուղղորդված լինելուն, ԱԺ նախագահը նշեց. «Վստահեցնում եմ, որ «Իմ քայլի» պատգամավորներին նման դեպքերում և առհասարակ ոչ մեկը չի ուղղորդում՝ ո´չ հարցերի, ո´չ ելույթների բնույթի, ո´չ էլ անգամ քվեարկության ելքի հետ կապված»:










