Ամեն կուսակցական իր ակտիվությամբ պետք է սկսի ակտիվ շարժումը, երբեք ձեր ակտիվությանը չենք խոչընդոտելու. Սերժ Սարգսյանը՝ նոր կուսակիցներին

21:40 • 22.04.19

Յուրաքանչյուր ոք, ով անդամագրվում է որևէ կուսակցության, նշանակում է՝ պատրաստ է ակտիվ մասնակցելու քաղաքական գործընթացներին: Ձեզ բոլորիդ հաջողություն եմ մաղթում և ցանկանում, որ այս շինությունը, շենքը, որտեղ տեղակայված է «Հանրապետականի» ղեկավար մարմինը, ձեզ համար մշտապես լինի ցանկալի վայր, սա շատ կարևոր է: Այս մասին այսօր կուսակցություն անդամագրված երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է երիտասարդների կողմից նշվող «մեղադրանքին», որ հնարավորինս շուտ ակտիվանա, Սերժ Սարգսյանը նշեց. «Որևէ ընտրված մարդ չի կարող ուրիշներին, հակառակ իրենց ցանկության, մղել ակտիվ գործողությունների, յուրաքանչյուր կուսակցական իր ակտիվությամբ պետք է սկսի ընդհանուր ակտիվ շարժումը, մենք երբեք ձեր ակտիվությանը չենք խոչընդոտելու, վստահ եղեք: Ուղղակի այդ ակտիվությունը պետք է ուղղված լինի երկիրը ավելի լավը դարձնելուն, պետք է լինի ընդհանուր հոսանքի մեջ, ընդհանուր ծրագրերի մեջ:

Իսկ ընդհանրապես կուսակցությունում կան մարդիկ, ովքեր ակտիվություն են ցուցաբերում, բայց ես կցանկանայի, որ դուք ունենաք հստակ քաղաքացիական կեցվածք, այս բնագավառում, որքան ուզում եք, ակտիվանանք բոլորս միասին»,-ասաց նա:

Սերժ Սարգսյանը նշեց, որ գուցե դա երիտասարդների կողմից ցանկություն է, ոչ թե մեղադրանք: «Մեղադրանքը հիմա շատ է հնչում տարբեր մարդկանց բերաններից, ես չեմ կարծում, որ մեր երիտասարդները մեղադրանք պետք է հնչեցնեն, երևի ցանկություն է: Ես անկեղծ եմ ասում, շատ ասելիք չունեմ ձեզ, կունենամ այն ժամանակ, երբ որ բոլոր դեպքերում մի ընդհանրական խոսք կասեմ և կպատասխանեմ մեզանով հետաքրքրված լրատվամիջոցների հարցերին»,-ասաց նա:

Հարցին, թե մեկ տարվա ընթացքում ինչ է փոխվել երկրում, Սերժ Սարգսյանն ասաց, որ երբ ժամանակը գա, բոլոր հարցերին կպատասխանի: «Կարող է հարցերի քչություն լինել, պատասխանների քչություն չի լինի»,-ասաց նա: