Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, այն ամենը, ինչ տեղի է ունեցել, ինձ հաճելի չէ, բայց մենք գործում ենք իրավական պետությունում. Սուրեն Պապիկյան
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը այսօր «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսին, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կադրերի նշանակման քննադատություններին, ասաց, որ վարչապետը պաշտոնների նշանակելիս հաշվի է առել ինչ-որ հանգամանքներ՝ նրանց փորձը, քաղաքական ճանապարհը, հեղափոխության ակունքներում կանգնած լինելը:
«Այսինքն՝ քաղաքական թիմն է ստանձնել պատասխանատվություն, և դնել որևէ մեկի վրա որևէ հարցում պատասխանատվությունը, եթե անգամ խոսքը քաղաքական թիմի համար մեկի՝ վարչապետի մասին է, դա չի նշանակում, որ ես՝ պաշտոնյաս, պետք է թերանամ, և մեղքը հանրությունը բարդի վարչապետի վրա»,-ասաց նա:
Մասնավորապես Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրվելու հարցում Սուրեն Պապիկյանը նշեց, որ իրավական պրոցեսը կընթանա, և ամեն ինչ պարզ կդառնա:
«Ես չեմ ուզում մտնել քննչական մարմինների իրավասության տիրույթ: Ես որևէ կանխակալ ռիսկ չեմ կարող տեսնել: Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, հեղափոխության ընթացքում մենք բավականին մտերմացել ենք, անցել ենք դժվարությունների միջոցով, բնականաբար, այն ամենը, ինչ տեղի է ունեցել, ինձ հաճելի չէ, բայց մենք գործում ենք իրավական պետությունում, մենք պետական պաշտոնյաներ ենք և չպետք է առաջնորդվենք զգացմունքներով այլ պետության շահերով»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել. քննիչի կողմից որոշում էր կայացվել ժամանակավորապես դադարեցնել նրա լիազորությունները: Ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավարարել էր քննիչի կողմից երեկ կայացված որոշումը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին:










