Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, բայց նոր Հայաստանում դա որևէ ազդեցություն չի կարող ունենալ քննության վրա. Արարատ Միրզոյան (տեսանյութ)

12:29 • 22.04.19

Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, բայց որևէ կապ չունի նոր Հայաստանում որևէ մեկի ընկերը լինել կամ չլինելը, դա որևէ ազդեցություն չի կարող ունենալ քննության վրա: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Հարցին, թե Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելը որքանո՞վ կազդի հեղափոխության վարկանիշի վրա, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ես ձեռնպահ կմնայի որևէ մեկնաբանությունից՝ հաշվի առնելով, որ քննություն է ընթանում: Ցանկացած պարագայում հեղափոխության վարկանիշը միայն կավելանա»:

Հիշեցնենք, որ պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար ապրիլի 18-ին մեղադրանք է առաջադրվել ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին։ Մեղադրանքի առաջադրումից հետո Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ գործը շինծու է, իսկ նրա պաշտպանը հայտարարել է, թե Սանասարյանի վրա գործ է սարքվում՝ հին մեթոդներով:

Այս  հայտարարությունների առնչությամբ ԱԺ նախագահն ասաց. «Տեսականորեն որևէ պետական կառավարման օղակում, այդ թվում իրավապահ մարմինների որևէ աշխատող, միշտ կարող է անել ինչ-որ բան, որը չի համապատասխանում օրենքին: Ոչ միայն Հայաստանում, այլ բոլոր երկրներում: Դրա համար կան նախատեսված ընթացակարգեր»: