Ադրբեջանում Գյանջայի քաղաքապետի մահափորձի առնչությամբ ձերբակալվածների ծնողները բողոքի ցույց են իրականացրել՝ պահանջելով ազատ արձակել իրենց երեխաներին
Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում 2018թ.-ի հուլիսի դեպքերի առնչությամբ ձերբակալվածների ընտանիքի անդամները քաղաքի գործադիր իշխանության շենքի առաջ բողեքի ցույց են անցկացրել, հաղորդում է trend.az-ը:
Ձերբակալվածների ծնողներն իրենց երեխաների ձերբակալությունն ապօրինի և կեղծ են համարել՝ պահանջելով ազատ արձակել նրանց: Նրանք պնդել են, որ իրենց երեխաները դաժան խոշտանգումների են ենթարկվել, և հայտնել, որ ցանկանում են իրենց ձայնը լսելի դարձնել:
Ոստիկանության աշխատակիցները պահանջել են ցուցարարներից լքել տարածքը՝ կոչ անելով բողոքել դատախազությանը կամ վերաքննիչ դատարանին: Ակցիայի ժամանակ ոչ ոք չի ձերբակալվել:
Հիշեցնենք, որ 2018թ.-ի հուլիսին Գյանջա քաղաքում քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ մահափորձ էր տեղի ունեցել: Մահափորձի հեղինակը քաղաքի բնակիչ Յունիս Սաֆարովն է, որը, փորձելով հրազենով սպանել Վելիևին, վիրավորել էր վերջինիս և ձերբակալվել:










