Սիրիահայերի խնդիրներն ուշադրության  կենտրոնում են. Բ. Տեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի ներկայացուցչին

18:49 • 22.04.19

 

Ապրիլի 22-ին սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստին: Այս մասին հայտնում են Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ նախարարության՝ որպես պետական գործընկերոջ, սիրիական հակամարտության արդյունքում տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու հարցում արդեն ավանդական դարձած համագործակցությանը, առաջիկա փոխգործակցության հեռանկարներին և ուղղություններին:  Աննա-Կարին Օստը հետաքրքրվել է նախարարության հետագա կարգավիճակի և այդ դեպքում համատեղ աշխատանքերի ընթացի մասին:

Բաբկեն Տեր Գրիգորյանը նշել է, որ նախարարությունը վերակազմավորվում է, և վարչապետի աշխատակազմում ստեղծվելու է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ, որն առավելապես համակարգման գործառույթ է ունենալու  մյուս նախարարությունների, գերատեսչությունների՝ սփյուռքի գծով աշխատանքներում: Գրասենյակը ծրագրեր չի իրականացնելու, սակայն վստահաբար առկա համագործակցությունը կշարունակվի նաև այդ ձևաչափում: 

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչն ընդգծել է՝ ՄԱԿ ՓԳՀ-ն շարունակելու է աջակցել կառավարությանը երկրում սիրիահայերի, փախստականների կարգավիճակ ունեցող անձանց  իրավական, սոցիալ-տնտեսական և մշակութային ինտեգրման դյուրինացմանը: Այդ ուղղությամբ հայաստանյան գրասենյակը ինտեգրման և ինքնաբավ կենսակերպ վարելու բարելավման համար ապահովում է կրթական լայն հնարավորություններ, կազմակերպում լեզվական խոչընդոտները հաղթահարելուն միտված դասընթացներ, մասնագիտական կուրսեր՝ զուգորդված աշխատանքային շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ գործիքների տրամադրմամբ:

Այս առումով երկուստեք կարևորվել է տեղեկատվության հասանելիության, մատչելիության ապահովումը: Սակայն այսօր էլ Հայաստանում հաստատված սիրիահայերի մի մասը շարունակում է ունենալ առողջապահական և բնակարանային ապահովվածության խնդիրներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը շարունակել նաև այս ուղղությամբ:

Հանդիպման ավարտին խոսվել է Հայաստան եկած սիրիահայերի վերաբերյալ հստակ վիճակագրության անհրաժեշտության մասին, որտեղ համադրված կլինեն տարբեր օղակների կողմից վերցված և համեմատված տվյալները: Բաբկեն Տեր Գրիգորյանը կարևորել է նման վիճակագրության կազմումը և աջակցության պատրաստակամություն հայտնեց: