Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին

12:22 • 22.04.19

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Համոզված եմ, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների զարգացումը բխում է մեր երկրների ու ժողովուրդների շահերից, և համատեղ ջանքերով հայ-ուկրաինական հարաբերությունները հնարավոր է բարձրացնել նոր մակարդակի՝ ի նպաստ բազմադարյա բարեկամությամբ փոխկապակցված մեր ժողովուրդների»,- ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Արմեն Սարգսյանը Վլադիմիր Զելենսկիին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

Քվաթերթիկների 95,06%-ի մշակումից հետո Վլադիմիր Զելենսկին 73,17% ձայնով հաղթում է Ուկրաինայի նախագահական ընտրություններում։