Հազարավոր զբոսաշրջիկներ պայթյուններից հետո շտապ լքում են Շրի Լանկան

22:03 • 22.04.19

Օտարերկրացի զգոսաշրջիկները զանգվածային կերպով լքում են Շրի Լանկան, որտեղ ապրիլի 21-ին մի շարք ահաբեկչական գործողություններ են իրականացվել, հաղորդում է Bloomberg գործակալությունը:

Երկրում Տուրիզմի զարգացման բյուրոյի նախագահ Քիշու Գոմեսի խոսքով՝ կղզին լքող զբոսաշրջիկների հստակ թիվը հայտնի չէ, սակայն խոսքը, հավանաբար, հազարավոր մարդկանց մասին է:

Այս առնչությամբ կզղային պետության կառավարության նախարարների կաբինետը հանդիպում է անցկացրել հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ դիտարկել է երկրի զբոսաշրջային տարածքներում անվտանգության ուժեղացման միջոցառումները:

Շրի Լանկայի Կենտրոնական բանկի տնօրեն Ինդրաջիտ Կումարասվամին էլ իր հերթին նշել է, որ տեղի ունեցած ահաբեկչությունը երկրի զբոսաշրջային ոլորտին մեծ վնաս կհասցնի, որի հետևանքները կգնահատվեն ավելի ուշ:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Շրի Լանկայում Սուրբ Հարության տոնի տոնակատարությունների ժամանակ տեղի ունեցած պայթյունների շարքի հետևանքով զոհերի թիվը հասել է 290-ի, մինչդեռ վիրավորները 500-ն են:

Հարձակման գլխավոր թիրախը տեղի քրիստոնյաներն են եղել: Ոստիկանությունը ձերբակալել է 24 կասկածյալի: Բացի այդ, հայտնաբերվել է բեռնատար, որը կարող էին օգտագործել հանցագործները:

Երկրի իշխանություններն ահաբեկչության համար մեղադրում են իսլամիստ ծայրահեղականների «Ազգային Թհովֆիք Ջամաաթ» խմբավորումանը, որը քիչ է հայտնի և մինչ այդ լուրջ հարձակումներ չի իրականացրել: