Պորոշենկոյի աջակիցները Կիևի կենտրոնում հավաք են անցկացրել
Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի աջակիցները մայրաքաղաք Կիևում՝ երկրի ղեկավարի վարչակազմի շենքի մոտ, հավաք են անցկացրել, հաղորդում է РИА Новости-ն:
Սկզբում Բանկովյան փողոցում ընթացող հավաքն անց է կացվել վարչակազմի շենքից հեռու, քանի որ իրավապահ մարմիններն արգելապատնեշներ են տեղադրել, սակայն ավելի ուշ մասնակիցները մոտեցել են շենքին: Հավաքի մասնակիցներից մի քանիսը ծածանել են ազգային դրոշը:
Ավելի ուշ կնոջ հետ հավաքի վայր է ժամանել Պորոշենկոն: Մարդիկ նրան դիմավորել են «շնորհակալ ենք» վանկարկմամբ:
«Այդ ես պետք է ձեզ շնորհակալություն հայտնեմ: Մարդիկ տարբեր կերպ են վերաբերվել նախագահներին, սակայն այնպիսին, ինչպիսին հիմա է, Ուկրաինան դեռևս չի տեսել»,- ասել է Պորոշենկոն:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անց է կացվել ապրիլի 21-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեների 99,80%-ի հաշվարկի արդյունքում նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին ստացել է ձայների 73,22%-ը, Պորոշենկոն՝ 24,46%-ը:










