ԱՄՆ ՄԶԳ–ն սկսել է «Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ» ծրագիրը

15:54 • 22.04.19

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն (ՄԶԳ) սկսում է «Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ» ծրագիրը, որը միտված է օգնելու գյուղական համայնքներում գործող ձեռնարկությունների զարգացմանը:

«Այսօր մենք սկսում ենք մի շատ կարևոր ծրագիր, որը միտված է գյուղատնտեսության մրցունակության մեծացմանը և ոլորտի զարգացման նախաձեռնություններին: Առողջ տնտեսության ձևավորման ուղղությամբ աշխատանքները նաև նպաստում են Հայաստանի Կառավարության՝ բարեփոխումներին միտված ջանքերին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին:

«ԱՄՆ ՄԶԳ-ի ծրագրի շահառուները գործող ֆերմերներն են»,- ծրագիրը ներկայացնելով՝ ասաց ծրագրի ղեկավար Սուսաննա Խաչատրյանը: Նա նաև նշեց, որ ծրագիրը կաջակցի բարձրացնել այդ ֆերմերների ձեռնարկությունների արդյունավետությունը, ինչպես նաև աջակցել նրանց՝ արտադրանքը շուկա արտահանելու հարցում:

«Հայաստանի մի շարք համայնքներում արդեն կատարվում են ուսումնասիրություններ: Հիմա մենք ընտրության փուլում ենք, 3 ամսից կավարտվի ուսումնասիրումն ու համայնքների ընտրությունը: Դրանից հետո մենք հանդիպումներ ենք ունենալու մարզպետարաններում, համայնքապետարաններում, ֆերմերների հետ ենք հանդիպելու ու հասկանալու ենք՝ ինչ խնդիրներ կան»,- նշեց Խաչատրյանը:

«Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ» դրամաշնորհային ծրագրի տևողություն 5 տարի է, ընդհանուր բյուջեն կազմում է 3 մլն ԱՄՆ դոլար: