Հայոց ցեղասպանության տարելիցի օրը Ռուսաստանի ողջ տարածքում կանցկացվեն մի շարք միջոցառումներ

02:36 • 23.04.19

Ապրիլի 24-ին Հայոց մեծ եղեռնի 104-րդ տարելիցի օրը Ռուսաստանի ողջ տարածքում կանցկացվեն հիշատակման միջոցառումներ: Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, ապրիլի 23-ին Եկատերինբուրգում տեղի կունենա դոնորների ակցիա: Հայկական համայնքի և այլ ազգերի ներկայացուցիչներ, որոնք ապրում են Միջին Ուրալում, արյուն կհանձնեն Սվերդլովսկի շրջանի №1 հիվանդանոցում:

Ղրիմում ապրիլի 24-ի կեսօրին Սիմֆերոպոլի Սուրբ Հակոբ եկեղեցում կկայանա ժամերգություն, որից հետո Ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձանի մոտ` հին հայկական գերեզմանատան տարածքում, տեղի կունենա ցույց: Երեկոյան Սիմֆերոպոլի Երկաթուղայինների տանը տեղի կունենա համերգ, որից հետո կայարանի հրապարակում կկայանա «վառիր հիշատակի մոմը» ակցիան:

Խաբարովսկում նույն օրը Հեռավոր Արևելքի պետական գիտական գրադարանում տեղի կունենա «Աղետ» ֆիլմի ցուցադրությունը: Միջոցառումներ տեղի կունենան Ռոստովում: «Ռուսաստան, իմ պատմություն» պատմական պարկում կցուցադրվի «Ցեղասպանություն, սկիզբ» փաստագրական ֆիլմը: Հիշատակման միջոցառումներ տեղի կունենան նաև Մոսկվայում, որը կներկայացվի առանձին: