Արմավիրի մարզի Ապագա և Վարդանաշեն համայնքներում արտահերթ ընտրություններ անցկացվելու հարցը՝ կառավարության օրակարգում
Վաղը Կառավարության հերթական նիստին չզեկուցվող հարցերի շրջանակում է Արմավիրի մարզի Ապագա և Վարդանաշեն համայնքներում արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման նախագծերը:
Նշենք, որ Ապագա համայնքի ղեկավար Արտաշես Բարսեղյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Արտաշես Բարսեղյանը 2019 թվականի փետրվարի 28-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Նախագծով Ապագա համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է 2019 թվականի հունիսի 9-ը:
Իսկ Վարդանաշեն համայնքի ղեկավար Արթուր Մանուկյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2019 թվականի փետրվարի 17-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Արթուր Մանուկյանը 2019 թվականի մարտի 5-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Վարդանաշեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար ևս առաջարկվում է 2019 թվականի հունիսի 9-ը:
Հիշեցնենք, որ Կառավարության՝ ավելի վաղ կայացրած որոշման համաձայն` հունիսի 9-ին արտահերթ ընտրություններ կանցկացվեն նաև Արմավիրի մարզի Նորակերտ և Արարատի մարզի Սիս համայնքներում:










