Օսիպյանը նեղ շրջանակներում ասել է՝ թող մի քանի տարի անցնի, երկու եղբորն էլ դատել եմ տալու. Սամվել Հովհաննիսյանը՝ ոստիկանապետի եղբորորդու գործի մասին

13:39 • 29.04.19

2014 թվականի հունիսի մեկին տեղի է ունեցել դանակահարություն: Այդ իսկ օրվանից տուժողի տան անդամները՝ փոքր եղբայրը, մայրը և հայրը հստակ ցուցմունքներ են տվել ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի եղբորորդու՝ Սեդրակ Օսիպյանի դեմ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ կատարված դանակահարության մեջ մեղադրվող Սարգիս Հովհաննիսյանի եղբայրը՝ Սամվել Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ դա հիմք է հանդիսացել Սեդրակ Օսպիյանի հանդեպ հետախուզում հայտարարելու համար: «Նա սկզբնական շրջանում չի ներկայացել քննչական մարմիններին, մեկ տարի թաքնվելուց հետո նոր ներկայացել է: Գործը մեկ տարի քննելուց հետո ես տարբեր քննչական մարմիններում ցուցմունքներ եմ տվել: Վերջում որոշում է կայացվել, որ անհայտ անձի կողմից է մարմնական վնասվածք դիտավորությամբ հասցվել տուժողին, և գործը կարճվել է: Ես այդ ընթացքում մեկնել եմ ՌԴ եկել եմ, և տեղյակ չեմ եղել, թե գործն ինչ ընթացքի մեջ է»,- պատմեց Սամվելը:

Նա նշեց, որ 2018-ին Էրեբունուց երկու հոգի՝ մեկն ԱԱԾ աշխատող, մյուսը՝ ոստիկանության, իրենց տուն են եկել առավոտվա ժամերին:

«Ինձ ասում են, որ պետք է ներկայանամ քննչական մարմին, որ ցուցմունքներ տամ, քանի որ գործը վերաբացվել է: Ես ասում եմ՝ ի՞նչ գործ, ասում  են՝ դանակահարության գործով: Նշում են, որ նոր հանգամանքներ են երևան եկել, և ես պետք է 17 րոպեում Նուբարաշենից գնամ ցուցմունք տամ: Ես չստորագրեցի թուղթը, որովհետև 17 րոպեում ոչ մի կերպ չէի կարող Նուբարաշենից Կոմիտաս հասնել: Ասացի, որ մի քանի մարդու պետք է հանդիպեմ, որից հետո կներկայանամ: Ուզում էին թղթի տակ ստորագրել տալ, թե ես չեմ ուզում ներկայանալ և այլն և այլն, բայց ես ասացի, որ ոչ մի բան չեմ ստորագրի, օրվա ընթացքում կներկայանամ»,- նշեց նա:

Ըստ նրա՝ ինքը հետո գնացել է և ծանոթացել երևան եկած նոր հանգամանքների հետ: «Իսկ դրանք հետևյալն էին, որ փաստացի գործող երեք ամենակարևոր վկաների տված ցուցմունքները բավարար չեն և նոր երևան եկած հանգամանքներով գործը նորից վերաբացվում է, և պետք է կատարվի, իբրև թե, օբյեկիվ քննություն»,- ասաց նա:

Սամվելը նշեց, որ  գործի քննությունը դանակահարության օրվանից արդեն իսկ խախտվել էր, որովհետև Վալերիյ Օիպյանը գործով որոշ վկաների երեկոյան ժամերին հանդիպել է և ուղղորդել, թե ինչ ցուցմունքներ տան: Ըստ նրա՝ այստեղ արդեն օբյեկտիվության հարց չէր կարող լինել:

Ապա՝ նա մեջբերեց տուժողի եղբոր, հոր և մոր նախնական ցուցմունքներից հատվածներ, որտեղ նրանք հստակ նշել էին, որ տուժողին հենց Սեդրակ Օսիպյանն է դանակահարել:

Սամվել Հովհաննիսյանը վկաների ցուցմունքները կարդալուց հետո ասաց. «Մի՞թե բավարար չեն այս վկայությունները, որ որոշում չկայացվի, թե անհայտ մարդու կողմից է դանակահարությունը տեղի ունեցել: Հիմա նրանք հերքում են իրենց բոլոր գրածները՝ պնդելով, որ շոկի մեջ են եղել: Տուժողի հարազատների և իմ վերջին առերեսումը եղել է 2018 թվականի վերջին: Ես նրանց միշտ առերեսումների ժամանակ ասել եմ, որ ես չէ, որ պետք է ցանկություն ունենամ, որ Սեդրակը դատապարտվի: Դուք մեր մասին ոչ մի նշում չեք արել, իմ եղբորը չեք բնութագրել»,- ասաց նա:

Tert.am-ի ճշտող հարցին՝ նրա եղբայրն այժմ ի՞նչ կարգավիճակ ունի, Սամել Հովհաննիսյանը պատասխանեց, որ նա մինչ այս տարվա ապրիլի 8-ն ունեցել է վկայի կարգավիճակ, իսկ ապրիլի 8-ին որոշում է կայացվել հետախուզում հայտարարել նրա նկատմամբ: «Նա՝ որպես վկա, ցուցմունք չի տվել, ցանկություն չի ունեցել: Եթե չէր ցանկանում ցուցմունք տալ, ո՞վ կարող էր ստիպել»,- ասաց նա:

Ըստ նրա՝ գործի վերաբացման հիմքը իբրև նոր հանգամանքների ի հայտ գալն է, ինչն ինքը կասկածի տակ է դնում, որովհետև եթե դեպքի վայրում գտնված 5-6 մարդիկ գնում են նախնական ցուցմունք տալիս և բոլորը միաբերան նշում՝ այսինչ մարդն է, հետո որոշ ժամանակ անց բոլորը միաժամանակ խառնաշփոթ են ստեղծում՝ ասելով տարբեր բաներ, անընդհատ նոր անուններ տալիս, ապա դա արվում է, որ գործն անընդհատ երկարաձգվի:

«Միանշանակ Վալերիյ Օսիպյանի կողմից ուղղորդվում է այս ամենը: Եթե դուք նրան հարցնեք, նա կասի՝ նման բան չկա և այլն և այլն: Նա կասի՝ «ես գործի նախաքննությանն ընդհանրապես չեմ խառնվել», այնինչ ես դատարանում կապացուցեմ դիկտաֆոնի ձայնագրությամբ, որ նա լավ էլ խառնվում է նախաքննությանը:

Հովհաննիսյանի խոսքով՝ Օսիպյանը պնդում է, որ իր մոտ չի կանչել իրեն, այլ ինքն անձնական ցանկությամբ է գնացել Օսիպյանի մոտ. «Ես նրան հարցեր եմ ուղղում՝ այդ դեպքում ինչպե՞ս եմ առանց անցաթղթի և անձնագրի ելումուտ արել ձեր սենյակ և գիշերը 10-ին նոր դուրս եմ եկել: Նա ինձ պատասխանում է՝ պնդում եմ, որ չեմ հրավիրել, Դուք ձեր ցանկությամբ եք եկել, ասելով թե տեղյակ եք գործից և մեր խոսակցությունը եղել է մտերմիկ»:

Նա Օսիպյանի այս հայտարարությունը աբսուրդ որակեց, քանի որ վերծանումներով ապացուցվել է, որ Օսիպյանի հեռախոսից է իրեն զանգ եկել դեպքի հաջորդ օրը:

 «Նա ինձ ասել է՝ Սամվել, ես Վալերիյ Օսիպյանն եմ, Երևանի վարչությունում եմ աշխատում, կարո՞ղ ես գալ, տղավարի հետդ խոսելու բան ունեմ»,- ասաց նա և հավելեց, որ ինքն ասել է, թե իրեն չի ճանաչում, բայց Օսիպյանը պնդել է, թե իր մոտ կան ձայանգորություններ, որից հասկանալի է, որ Սարգիսն էլ է ներգրավված դանակահարության մեջ:

Ըստ Սամվել Հովհաննիսյանի՝ Օսիպյանն այդպես էլ որևէ ձայնագրություն ու փաստ չի ներկայացրել:

«Ես գնացել եմ վարչություն, նա ինձ ասաց. «Սամվե՛լ ջան, պատկերացրու, եթե Սեդրակ Օսիպյանն է խփել, իմ դրության մեջ մտի: Եթե ես օգնեմ Օսիպյանին, դա կդիտվի որպես խտրականություն: Եթե Սարգիսը իր վրա վերցնի,  ես էնպես կանեմ, որ ոչ ոք չի իմանա: Ես նրան կօգնեմ»: Ես էլ նրան պատասխանում եմ՝ եթե օգնող ես, ավելի լավ է Սեդրակին օգնի,  Սարգսի հետ գործ չունես»,-պարզաբանեց Հովհաննիսյանը:

Tert.am-ի հարցին՝ Օսիպյանն իր այժմյան դիրքը չարաշահել է և գործը վերաբացել է, որպեսզի նրա եղբայրը Օսիպյանի եղբորորդու փոխարեն պատասխանատվությո՞ւն կրի,  Սամվել Հովհաննիսյանը պատասխանեց՝ միանշանակ. «Այլ տարբերակ չի կարող լինել: Օսիպյանը նեղ շրջանակներում ասել է՝ թող մի քանի տարի անցնի, տեսեք ոնց եմ երկու եղբորն էլ դատում»:

Ըստ Սամվելի՝ Վալերիյ Օսիպյանը ցանկանում է մաքրել Օսիպյան ազգանունը:

«Նա ուզում է իր ազգանունը մաքրի: Նա իմ ծնողին է առաջարկել՝ «թող ձեր տղան իր վրա վերցնի մեղքը», դրանից հետո ինձ է նույն առաջարկությունն արդեն արել, թե թող Սարգիսն իր վրա վերցնի, մենք նրան կօգնենք: Ես վրդովվում էի, ինձ ասում էր՝ ես փոխգնդապետ եմ: Նա մանիպուլիացիայի վարպետ է: Մեր տուն մարդկանց է ուղարկում, քանի որ իմացել է, որ ինձ մոտ կան ձայնագրություններ, որտեղ նա ամեն ինչ բացահայտ ասում է: Այդ ձայնագրությունները չեմ տրամադրում քննչական մարմնին, որովհետև փորձը ցույց է տալիս, որ ինչ ապացույց ներկայացնում եմ, նրանք հետո դրան արդարացում են գտնում: Այս անգամ ուղիղ դատարան եմ տանելու այդ ապացույցները»,- նշեց նա:

«Օսիպյանը խնդրել է չբարձրաձայնել, նյութերը չտրամադրել: Ես Սեդրակի վրա չեմ գրում, որ նա է, որովհետև ես չեմ տեսել, թե ով է դանակահարողը, բայց իրենք միտված են, որ կոնկրետ իրենց անունը մաքուր լինի»,- եզրափակեց Սամվել Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ 2014 թվականին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության գործով Վալերիյ Օսիպյանի եղբորորդին մեղադրվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և խուլիգանության մեջ` Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին և 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Գործը փակվել էր, այժմ այն վերաբացվել է, այլ հոդվածով