ՀՀ-ն կարող է դառնալ 1-ին ցանցային պետությունը և այդպես ունենալ ոչ թե 3, այլ 11-12 մլն քաղաքացի. Գրիգոր Ամիրզայանը՝ Միքայել Մինասյանի հոդվածի մասին

20:54 • 08.05.19

 

Ֆրանսիայում «Արմենիա» միության նախագահ, լրագրող Գրիգոր Ամիրզայանի խոսքով՝ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մոդելը հնացել է և չի պատասխանում ներկա մարտահրավերներին, գործնական պատասխաններ չկան Հայաստան-Սփյուռք կապերի զարգացման վերաբերյալ:

Նա նման դիտարկում արեց Tert.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Սուրբ Աթոռում, Պորտուգալիայում և Մալթայի Ինքնիշխան Ուխտում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հոդվածին, որը հրապարակվել է Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթում և վերաբերում է հայկականության նոր ճարտարապետություն կերտելուն:

«Այսօր գլոբալիզացիայի դարաշրջանում, ի շնորհիվ համացանցի, աշխարհը դարձել է մի փոքր գյուղ: Երևանում, Փարիզում և կամ Լոս Անջելեսում լուրերը սփռվում են ուղիղ, նույն վայրկյանում: Հայկականության կամ հայապահպանության համար այդ գործիքները շատ կարևոր և անփոխարինելի են այս նոր մարտահրավերներով աշխարհում»,- ասաց նա:

Վերջինս համաձայնեց հոդվածում արծարծված այն մտքի հետ, որ Հայաստանը կարող է դառնալ առաջին ցանցային պետությունը՝ ներառելով աշխարհի հայկականությունը: Այս համատեքստում հիշատակեց ֆրանսիացի փիլիսոփա Ժաք Աթալիի խոսքը, որ համացանցը սփյուռքներին և փոքրամասնություններին ուժ է տալիս:

«Սփյուռքը պետք է օգտագործի ժամանակակից տեխնոլոգիաները, և աշխարհի բոլոր համայնքներն ու Հայաստանը պիտի իրար հետ կապվեն դրանց միջոցով: Եվ Հայաստանը կարող է լինել նրանց համակարգողը, միմյանց միջև կապեր հաստատողը: Այո՛, Հայաստանը կարող է դառնալ աշխարհի առաջին ցանցային պետությունը և այդպես կարող է դառնալ  ոչ թե 3 միլիոն քաղաքացի, այլ Հայաստան-Հայություն՝ 11-12 միլիոն քաղաքացի ունեցող ցանցային պետություն»,- կարծում է նա:

Գրիգոր Ամիրզայանի խոսքով՝ Հայաստանի հզորացումն արդեն օրըստօրե զգացվում է: Հայաստանը, ըստ նրա, դեռ կարող է շատ ավելին անել սփյուռքը ուժեղացնելու համար:

Նա նաև համաձայնեց հոդվածում եղած մեկ այլ մտքի հետ, որ ՀՀ-ն ոչ մի իրավիճակում այլ պետությունների ու նրանց արդարադատության առաջ պետք է անպաշտպան չթողնի իր հայրենակիցներին:

«Այո՛, ինչպես տեսանք Սիրիայում, Հայաստանը պետք է միշտ լինի իր հայրենակիցների կողքին: Հայկական ուժը պետք է զգացվի սփյուռքում,- ասաց նա՝ նշելով, որ այդ զգացումը պետք է լինի բոլոր համայնքներում,- Հայաստանը պետք է զորավիգ կանգի հայ համայնքների պայքարին»:

Գրիգոր Ամիրզայանը համաձայն է նաև նրա հետ, որ Հայաստանը պետք է դառնա հայկական կապիտալի անվտանգության ամենաարդյունավետ երաշխավորը: Սակայն միևնույն ժամանակ նա նկատեց.

«Բայց սա շատ փափուկ հարց է, քանի որ Հայաստանը դեռ պատերազմական վիճակում է, իսկ կապիտալը պատերազմներ, անապահովություն չի սիրում: Սփյուռքը հայրենասիրական գործեր է կատարում, բայց պետք է հասկանալ, որ կապիտալը երկիր չի ճանաչում, այն կարող է լինել Չինաստանում, Եվրոպայում կամ որևէ այլ տեղ, միայն  ապահով լինի և շահութաբեր: Ուրեմն հայկական սփյուռքի կապիտալը հայկականություն դեռևս չի ճանաչում: Կճանաչի միայն, եթե Հայաստանը դառնա ապահով և վստահելի երկիր: Հայաստանն այստեղ մեծ գործ ունի դեռ անելու»:

Անդրադառնալով հայրենադարձության թեմային ՝ Գրիգոր Ամիրզայանը նշեց, որ, իհարկե, պետք է հասկանալ, որ հարուստ Եվրոպայից և ԱՄՆ-ից հայրենադարձությունը մասսայական բնույթ չի կարող կրել:

«Բայց անապահով երկրների, ինչպես նաև Միջին Արևելքի հայության դեպքում հայրենադարձությունը կարելի է կազմակերպել: Բարեկեցիկ երկրների հայությունն էլ պետք է կապը պահի Հայաստանի հետ, ժամանակ առ ժամանակ գա Հայաստան: Եթե, իհարկե, Հայաստանի տնտեսությունը զարգանա, և կյանքի որակը բարձրանա, բացառված չէ, որ հարուստ երկրներից ևս հայերը մասսայաբար գան Հայաստան»,- ասաց նա: