Հնարավո՞ր է, որ սեփականաշնորհված մանկապարտեզները վերադարձվեն պետությանը. Էդմոն Մարուքյանի հարցը՝ գլխավոր դատախազին
Ազգային ժողովում Դատախազության 2018-ի զեկույցի քննարկմանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ Երևանում մանկապարտեզներ են սեփականաշնորհվել, այն դեպքում, երբ երեխաները տարիներով հերթերում սպասում են, որ մանկապարտեզ գնան, ապա գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, թե արդյոք քրեական գործեր հարուցվե՞լ և հնարավոր է, որ գույքը պետությանը վերադարձվի։
Պատգամավորն ասաց, որ նման բան Վանաձորում էլ կա, ինչպես նաև հանրապետության տարածքում։ «Մինչև անցումային արդարադատության որևէ կոնցեպտի քննարկումը, պետական շահերի պաշտպանության շրջանակներում գույքի սեփականաշնոհման հիմքերն ուսումնասիրելով գույքը քրեական գործի շրջանակներում հնարավոր է հետ վերադարձնել։ Անգամ որևէ մեկին պատժելու մասին չեմ էլ մտածում»,- ասաց նա։
Արթուր Դավթյանը նշեց, որ նման հրապարակումից հետո հարցն իրենց ուշադրությանն է արժանացել։ «Ներկայումս մեր մասնագիտացված ստորաբաժանումը մանրակրկիտ ուսումնասիրություն է կատարում ձեռք բերման համապատասխան ստուգումների ուղղությամբ։ Նաև ունենք այս պահին հարուցված քրեական գործ, որի նախաքննության շրջանակներում թվով քիչ՝ 5 նման մանկապարտեզների գործունեությունն է քննության առարկա դարձել, նկատի ունենալով, որ ձեռք են բերվել տվյալներ առերևույթ հանցագործության մասին»,- ասաց նա։
Արթուր Դավթյանն ասաց, որ ուսումնասիրություններն ակտիվ շարունակվում են, և բոլոր դեպքերում, եթե ձեռք կբերվեն տվյալներ հանցագործության փաստի վերաբերյալ պետության գույքային շահերը ներկայացնելու վերաբերյալ, մեկ վայրկյան անգամ պետք չէ կասկածել, որ բոլոր մեխանիզմները գործադրվելու են։
Էդմոն Մարուքյանն արձագանքեց, թե ակնկալիք կարող են ունենալ, որ գույքը կվերադարձվի։ Գլխավոր դատախազն էլ արձագանքեց, որ բնականաբար այդ տեսակ միջոցառումները ձեռնարկում են այն ակնկալիքով, որ վնասը վերականգնվի։










