Ստացվում է, որ ԱԺ-ն ավելի սուրբ տեղ է քան եկեղեցի՞ն. սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մարդը կարող է մտնել եկեղեցի, ԱԺ ո՞չ. վարչապետ
Իշխանափոխությունից հետո՞ են Հայաստանում սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մարդիկ հայտնվել: Ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց վերաբերյալ հարցին այսպես արձագանքեց վարչապետը Նիկոլ Փաշինյանը այսօր հրավիրված ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Բա ավանդապաշտ ուժերը, որոնք նման մարդկանց տվել են ՀՀ քաղաքացիություն, ի՞նչ էին մտածում: Այդ մարդկանց օժտել են բոլոր իրավունքներով: Ասում են՝ խարույկի վրա պետք է վառել, բա վառե՞իք: Հիմա մեզ մեղադրում են նրա մեջ, որ ՀՀ քաղաքացուն, որի անձնագիրը իրենք են տվել, մենք չենք վառում: Մենք ոչ մեկին չենք պատրաստվում վառել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ ՀՀ բոլոր քաղաքացիների իրավունքները պետք է պաշտպանվեն, որովհետև Սահմանադրությունն ասում է, որ քաղաքացիները հավասար են, խտրականությունն արգելվում է, «բայց մենք միաժամանակ մեր ազգային ավանդույթների ջերմեռանդ պաշտպաններն ենք»:
«Հայտնի իրադարձություններից հետո, երբ ասում էին, որ ԱԺ-ն պետք է խնկարկել, ես բարձրաստիճան հոգևորականների հետ ունեցա հետևյալ զրույցը: Ասացի՝ սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մարդը, սեռափոխված մարդը իրավունք ունի՞ եկեղեցի մտնել, ասացին՝ այո, ունի, ասացի՝ իրավունք ունի՞ մոմ վառել, ասացին՝ իրավունք ունի: Ասացի՝ փաստորեն ստացվում է, որ ԱԺ-ն ավելի սուրբ տեղ է, քան եկեղեցին, հա՞: Ասում են՝ կարող է այդ մարդը գնալ եկեղեցի, նստել, հաղորդակցվել Աստծո հետ, բայց որ ԱԺ-ից ելույթ է ունեցել պետք է խնկարկե՞լ, սատանայազերծե՞լ: Բա եկեղեցի ինչո՞ւ եք թողնում մտնի, ուրեմն եկեղեցին սկզբից պետք է խնկարկել, հետո մտածել դրա մասին»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:










