Պակիստանի մուսուլմանական սրբավայրի մոտ ահաբեկչական պայթյունի հետևանքով առնվազն 9 մարդ է զոհվել (լուսանկարներ)
Պակիստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Լահորում Հարավային Ասիայի ամենախոշոր սուֆիստական սրբավայրերից մեկի մոտ որոտացած պայթյունի հետևանքով առնվազն 9 մարդ է զոհվել, 24-ը տուժել են, հաղորդում է Reuters-ը:
Պայթյունը տեղի է ունեցել մուսուլմանական պահքի՝ Ռամադանի օրերին՝ Դատա Դարբար սրբավայրում: Քաղաքի փրկարարական ծառայության խոսնակ Մուհամեդ Ֆարուքը հայտնել է, որ վիրավորներից առնվազն 7-ի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:
Ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել է «Հիզբուլ Ահրար» խմբավորումը, որը Պակիստանում «Թալիբան» ահաբեկչական խմբավորման մաս է կազմում: Խմբավորման ներկայացուցիչները հայտնել են, որ հարձակման թիրախը ոստիկաններն են եղել, որոնք պայթյունի պահին սրբավայրի մոտակայքում են գտնվել:
Հայտնի է, որ «Թալիբան» խմբավորումը երկար տարիներ է՝ պայքարում է Պակիստանի կառավարության դեմ: Նախկինում սուննի իսլամի հետևորդները բազմիցս հարձակման են ենթարկվել սուֆիստների՝ իսլամի կրոնափիլիսոփայական միստիկական ուսմունքի հետևորդների կողմից:
2010թ.-ին Դատա Դարբար սրբավայրում երկու մահապարտ ահաբեկիչների իրականացրած պայթյունների հետևանքով 42 մարդ էր զոհվել, 175-ը վիրավորվել էին:











