Որոշակի դրական բան կա, բայց շատ հարցեր կան, որ պետք է լուծումներ ստանան. Ստեփան Դեմիրճյանը՝ վարչապետի մեկ տարվա գործունեության մասին

12:51 • 09.05.19

Որոշակի դրական տեղաշարժեր կան, իհարկե, բայց մարդկանց սպասումները շատ մեծ են, սա է կառավարության հիմնական խնդիրը: Այս մասին Հաղթականի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանն՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք իրեն գոհացնում է վարչապետի մեկ տարվա աշխատանքը:

Նա ասաց, որ ժողովրդի ակնկալիքները շատ են և հույս հայտնեց, որ այդ ակնկալիքներն աստիճանաբար կարդարացվեն:

Ճշտող հարցին՝ հիմա այդ ակնկալիքները չե՞ն արդարացվել, Դեմիրճյանը պատասխանեց. «Որոշակի դրական բան կա, բայց շատ հարցեր կան, որ պետք է իրենց լուծումը ստանան, ակնկալիքները մեծ են»:

Անդրադառնալով եռատոնին Ստեփան Դեմիրճյանն ասաց, որ հայ ժողովուրդը լուրջ ավանդ է ունեցել հայրենական պատերազմի հաղթանակում, իսկ Շուշիի ազատագրումը բեկումնային նշանակություն ունեցավ Արցախի պատերազմում:

«Այսօր հարգանքի տուրք մատուցելով հանուն հայրենիքի կյանքը տվածներին՝ նրանց հիշատակը պետք է հարգենք՝ մեր պետությունը հզորացնելով, Հայաստանը դարձնելով ժամանակակից զարգացող երկիր»,- ասաց նա: