Հայտնի է Իրանում Air France-ի ուղևորատար ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառը

04:27 • 09.05.19

Փարիզից Մումբայ ուղևորվող, Air France ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը մայիսի 8-ին արտակարգ վայրէջք էր կատարել Իրանի Սպահան քաղաքի օդանավակայանում: Airbus A-340-313 օդանավի թռիչքը մեկնարկել էր ֆրանսիական մայրաքաղաքի օդանավակայանում տեղի ժամանակով 11:21-ին (երևանյան՝ 13:21) և պետք է հնդկական քաղաք ժամաներ կեսգիշերին:

Գտնվելով Իրանի օդային տարածքում՝ օդանավի անձնակազմն աղետի ազդանշան էր տվել: Վայրէջքը բարեհաջող էր ընթացել: Ինչպես հայտնում է «РИА Новости»-ն, վթարային վայրէջքի պատճառն օդափոխության համակարգի անսարքությունն է եղել: Air France ավիաընկերությունը ներողություն է խնդրել ստեղծված անհարմարությունների համար և նշել, որ ուղևորների անվտանգությունն առաջնահերթ խնդիր է: