Պետք է միջազգային հանրությունը ձևավորի այդ կարծիքը, որ Արցախի վերադարձը բանակցություններին լինի «անքննարկելի», իսկ Արդբեջանը չկարողանա առարկել. Մարուքյան
Էդմոն Մարուքյանը չի կարծում, որ Արցախի հարցում բանակցությունները լճացած վիճակում են: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ես չէի շտապի ասել իրավիճակը լճացած է, կան բանակցություններ: Իրավիճակն այնպիսին է, որ չի եղել ընդունելի լուծում մեզ համար, չեմ ուզում Ադրբեջանի կողմը քննարկել, քանի դեռ հայկական կողմի համար դեռ ընդունելի լուծում չի եղել: Խնդիրը լուծելու մասին դեռ վաղ է խոսել, պետք է հզորանալ, տնտեսությունը զարգացնել, թիկունքը, առաջնագիծը ուժեղացնել, պայմանագրայինների թիվն ավելացնել, շատ վճարել զինվորականներին, սոցիալական ապահովության հարցը լուծել, ուժեղանալ օր-օրի: Խնդրի լուծման մասին կարելի է խոսել ամեն օր և մոռանալ, որ խախտված ռազմաքաղաքական բալանսը պետք է վերականգնել»,- ասաց նա:
Հարցին՝ կհասնե՞նք նրան, որ Արցախը վերադառնա բանակցությունների սեղան, Մարուքյանն ասաց. «Այդ հարցը օրակարգում է, կարծում եմ: Իրատեսական կհամարեմ, եթե մենք լավ աշխատանք տանենք միջազգային հանրության հետ: Ադրբեջանն առանձին վերցրած չի ասելու՝ թող Արցախը վերադառնա: Պետք է միջազգային հանրությունը ձևավորի այդ կարծիքը, որ դա լինի «անքննարկելի» հարց և այդ պարագայում Արդբեջանը չի կարող ասել՝ չէ թող չվերադառնա»:
Ըստ Մարուքյանի՝ Հայաստանի արտաքին գերատեսչությունը, մեր դիվանագիտական կորպուսը պետք է օրնիբուն աշխատեն, որ Արցախի հարցում միջազգային հանրությունը ունենա ձևավորված կարծիք:










