Հայտնի է Կասպից ծովում ադրբեջանական նավի վրա բռնկված հրդեհի պատճառը, որի հետևանքով 14 մարդ է տուժել
Կասպից ծովում խողովակաշարերի անցկացման համար նախատեսված ադրբեջանական «Իսրաֆիլ Հուսեյնով» նավի վրա նախօրեին բռնկված հրդեհի պատճառը, որի հետևանքով 14 մարդ է տուժել, արտադրական գծում սարքավորումների անսարքությունն է եղել: Այդ մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել են Saipem ընկերությունից:
Համաձայն հաղորդագրության՝ հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ ստացած անձինք տեղափոխվել են Բաքվի հիվանդանոց: Երեքի վիճակը ծանր է:
Նավը պատկանում է Կասպյան ծովային նավթային նավատորմին և ներկա դրությամբ վարձակալության էր տրված Saipem ընկերությանը:
Նախօրեին երեկոյան հաղորդվել էր, որ «Իսրաֆիլ Հուսեյնով» նավի վրա հզոր պայթյուն է տեղի ունեցել:










