Թուրքիայում ծովից 1,5 տոննա մարիխուանա է դուրս բերվել (լուսանկարներ)
Թուրքիայի Այվալըք (նախկինում կիրառելի է եղել նաև քաղաքի հունական անվանումը` Կիդոնիես) կուրորտային քաղաքի մոտակայքում՝ Էգեյան ծովի ափին, թուրքական ոստիկանության և առափնյա անվտանգության ծառայության աշխատակիցները ջրից 1551 կգ մարիխուանա տեսակի թմրամիջոց են դուրս հանել, հաղորդում է Milliyet-ը:
Իրավապահ մարմինների հաղորդման համաձայն՝ վակուումային պարկերում դրված մարիխուանան փայտե նավակով տեղափոխել է 6 մարդ:
Նավակի խորտակումից հետո պարկերը ծովում են հայտնվել, որտեղից էլ դրանք դուրս են բերել ոստիկանության աշխատակիցները: Կասկածելի փաթեթների մասին իրավապահ մարմիններին հայտնել են տեղի բնակիչները:
Բեռը տեղափոխող 6 անձինք ձերբակալվել են, նրանցից 5-ը կալանքի տակ են:
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Թուրքիայի առափնյա անվտանգության ծառայության աշխատակիցները 5 տոննա թմրանյութով բեռնված նավ էին կալանել:












