Կարող եմ խոստանալ, որ եթե մենք իշխանության գանք, պետական պաշտոնների նշանակելիս հաշվի կառնվի մարդկանց ծառայած լինելը. Էդմոն Մարուքյան

10:47 • 09.05.19

Այդ առումով ոչ մի բան չի փոխվել, որովհետև դա համակարգային փոփոխությունների արդյունք պետք է լիներ և դեռ շատ վաղ է դրա մասին գնահատական տալը. այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե նախորդ իշխանությունների օրոք հայտարարել էր, թե մեր բանակը գյուղացիաբանվորական բանակ է, հիմա է՞լ է նույն կարծիքին:

«Մեկ տարվա մեջ բանակի ներքին կառուցվածքը, զորակոչի տրամաբանությունը փոխվել է: Այն, որ այս օրերին դժվար է փողով բանակից ազատվելը, դրանում վստահ եմ: Այդ արատավոր երևույթների սողանցքները պետք է փակել և փակվում են, բայց, որ ասենք բանակի ներքին կառուցվածքը փոխվել է, դա վաղ դատողություն կլինի»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե զինվորները «մայկա, տրուսիկ» ունեն հիմա, Մարուքյանն ասաց, որ կարծում է՝ վարչապետը փոխաբերական իմաստով է ասել: Նա նշեց, որ ծնողը միշտ էլ ուղարկել է, հիմա էլ ուղարկում է, և դա ոչ ոք չի կարող արգելել:

«Եթե Արցախում 100 մլն դոլարի ներդրում արված լիներ առաջնագծում, ապրիլին այդքան զոհ չէինք ունենա, բայց դա չի արվել, իսկ մարդիկ են եղել ու կան, որ միլիոնավոր դոլարներ են աշխատել: Վարչապետի ասածն այս համատեքստում պետք է դիտարկել»,- ասաց նա:

Հարցին՝ այդ բացերը լրացվո՞ւմ են, առաջնագծում ներդրումներ արվո՞ւմ են, Մարուքյանը պատասխանեց. «Սահմանում ներդրումներն արվել են Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, լուրջ աշխատանքներ են տարվել, հիմա կարծում եմ՝ այդ տրամաբանության մեջ ենք, դա շարունակվում է: Բացթողումները վերականգնելու առումով որ կամք կա, անկեղծ, դա միանշանակ է, բայց, որ կա կոմպետեցիա ամեն բացթողման դեմն առնելու շատ արագ, դրանում համոզված եմ»,- նշեց նա:

Դիտարկմանը՝ հիմա կարիք կա՞, որ ծնողներն էլի զինվորներին իրեր են ուղարկում, Մարուքյանն ասաց, որ զինվորներ կան, որ ասում են՝ ուղարկեք, ծնողներն էլ ուղարկում են, պետությունը չի կարող դա արգելել, բայց պետությունն իր մասով ապահովում է:

Ինչ վերաբերում է, որ պաշտոնյաները չեն ծառայել, Մարուքյանն ասաց, որ պետք է ավելի խիստ լինել և պետական պաշտոնների նշանակելիս հաշվի առնել զինված ուժերում մարդկանց ծառայելու հանգամանքը, բայց նախորդ իշխանությունների օրոք դա հաշվի չի առնվել, այս իշխանությունների օրոք էլ հաշվի չի առնվում: «Ես կարող եմ խոստանալ՝ որ մենք իշխանության գանք, հաշվի է առնվելու: Իմ կոչն այն կլինի, որ հայրենիքի պաշտպանությանը մասնակցենք, մեր լուման ունենանք»,- ասաց Մարուքյանը: