Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները հայտնաբերեցին խանութներից գողություն կատարողին
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, «Նոր Խարբերդ» այգեգործական ընկերության 9-րդ փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են ներկայացրել 2003 թ. ծնված Օ. Հ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Նա պատմել է, որ ապրիլ ամսվա ընթացքում դուռը հրել բացելով Տիտոգրադյան փողոցում գտնվող գարեջրատնից գողացել է սնունդ, իսկ նույն փողոցում գտնվող խմորեղենի խանութից գողացել է 80.000 դրամ ու սնունդ: Նույն ժամանակահատվածում գողություն կատարելու նպատակով փորձել է բացել Ավանեսովի փողոցում գտնվող հացի փռի դուռը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել, իսկ մայիսի 4-ին, ժամը 02.00-ին, նույն հացի փռի պատուհանից մտել է ներս ու գողացել սնունդ և էլեկտրական ձայնարկիչ:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Օ. Հ.-ն ապրիլի 25-ին, ժամը 01.30-ին, խմորեղենի խանութից գողացել է խմորեղեն և 80.000 դրամ, իսկ հաջորդ օրը, ժամը 04.00-ին, մտել է Տիտոգրադյան փողոցում գտնվող գարեջրատուն և գողացել 7.000 դրամ, չիփսեր և գետնանուշ: Օ.Հ.-ն բաց է թողնվել: Նախապատրաստվում են նյութեր:










