Վենեսուելայում ձերբակալվել է Գուաիդոյի համախոհը՝ ապրիլի 30-ի պետական հեղաշրջման փորձի ղեկավարներից մեկը

09:56 • 09.05.19

Վենեսուելայում ձերբակալվել է երկրի ընդդիմադիր խորհրդարանի նախագահ Խուան Գուաիդոյի տեղակալը, գրում է Reuters գործակալությունը՝ երկրի Ազգային սահմանադիր ժողովի նախագահ Դիոսդադո Կաբելյոյին հղումով:

«Տեղեկացնում եմ, որ մի քանի րոպե առաջ ձերբակալվել է ապրիլի 30-ի պետական հեղաշրջման փորձի ղեկավարներից մեկը՝ Էդգար Սամբրանոն»,- ասել է Կաբելյոն պետական հեռուստաալիքի եթերում:

Ավելի վաղ Գուաիդոյի տեղակալը թվիթերյան էջում հապարակում էր արել՝ հայտնելով, որ Բոլիվարյան հետախուզության ազգային ծառայության աշխատակիցները շրջափակել են իր մեքենան:

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Վենեսուելայում Գուաիդոյի գլխավորությամբ պետական հեղաշրջման փորձ էր տեղի ունեցել: Նա իր համախոհների հետ հավաքվել էր մայրաքաղաք Կարակասի «Կառլոտա» ռազմաբազայի առաջ և կոչ արել զինվորականներին փողոց դուրս գալ՝ աջակցելու նախագահ Նիկոլաս Մադուրոյին պաշտոնանկ անելուն ուղղված «Ազատություն» գործողությանը: Ցուցարարների և ոստիկանների միջև բախումների հետևանքով տասնյակ մարդիկ էին վիրավորվել, գրանցվել էր մի քանի զոհ:

Մայիսի 8-ին Մադուրոն պետական հեղաշրջման փորձին մասնակցության մեղադրանքով աշխատանքից ազատել էր տասնյակ զինվորականների, այդ թվում՝ Բոլիվարյան հետախուզության ազգային ծառայության նախկին ղեկավար, գեներալ Մանուել Ֆիգերային և Ազգային բոլիվարյան գվարդիայի փոխգնդապետ Իլիչ Սանչեսին: